Հիվանդանոց տեղափոխված երեխաները նույն օրը դուրս են գրվել. ինչ է կատարվել մանկապարտեզում․ տնօրենի մեկնաբանությունը
Общество«Երեխաները նախաճաշել են, որից մոտ մեկ ժամ հետո մի քանի հոգի փսխել են։ Երեք խմբից մի տեղ չորս հոգի, մի տեղ՝ հինգ, մյուսում՝ երկու երեխա։ Ընդհանուր 11 երեխայի մոտ է փսխում արձանագրվել»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց «Վինի Պուխ Ի ընկերներ» մանկապարտեզի տնօրեն Աննա Հայրապետյանը, անդրադառնալով մանկապարտեզում երեխաների ինքնազգացողության վատացման պատճառին։ Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն երեկ, Քաջազնունի 16/1 փողոցում գործող մանկապարտեզներից մեկից մոտ 10 երեխա «թունավորում» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել էր Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց։
Աննա Հայրապետյանն ասաց, որ երեկ մանկապարտեզ է այցելել 56 երեխա։ Բոլորն էլ նախաճաշել են, փսխում արձանագրվել է միայն 11-ի մոտ։ Մանկապարտեզի ղեկավարությունն անմիջապես առաջին օգնությունն է ցույց տվել երեխաներին, որից հետո զանգահարել են շտապօգնություն։ «Շտապօգնությունը ցուցում է տվել, որ երեխաներին տանենք հիվանդանոց։ Իրենք աշխատակիցների հետ միասին գնացել են հիվանդանոց, որտեղից էլ զանգահարել ենք ծնողներին»,- ասաց մանկապարտեզի տնօրենը, հավելելով, որ վերցվել են սնունդից փորձանմուշներ։ «Վերցվել են և տվյալ օրվա և նախորդ օրվա նմուշները, որովհետեւ 48 ժամ նմուշ ենք պահում։ Իրենք բոլորը վերցրել են՝ տարել են ստուգման։ Կա տեսակետ, որ հնարավոր է կաթնաշոռից և թթվասերից առաջացած լինի»,- մեզ հետ զրույցում ասաց տնօրենը։
Հիվանդանոց տեղափոխված երեխաները նույն օրը դուրս են գրվել։ Ավելին նրանցից շատերն այսօր կրկին մանկապարտեզ են հաճախել։ Աննա Հայրապետյանը խորհուրդ է տալիս «պղտոր ջրում ձուկ չորսալ», իրենց մանկապարտեզը հայտնի է իր լավագույն չափորոշիչներով։ Մանկապարտեզ այցելող երեխաների ծնողներից երբեք դժգոհություններ չեն ստացել, ավելին երեկվա «միջադեպից» հետո ևս ծնողները ինչպես այցերով, այնպես էլ՝ հեռախոսազանգի միջոցով հայտնել են իրենց շնորհակալությունը ցուցաբերած ուշադրության և հոգատարության համար։
Մանկապարտեզն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շարունակում է իր բնականոն աշխատանքը։