Ժամանակահատվածն այնպիսին է, որ նման դեպքերի աճ պետք է լիներ. փոխոստիկանապետը՝ «Դոն Պիպոյի» եղբոր սպանության մասին
ПравоԵթե խորությամբ ուսումնասիրում ենք, ապա այսօրվա ժամանակահատվածն այնպիսին է, որ նման դեպքերի աճ պետք է լիներ, մենք դա կանխատեսել ենք։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն՝ անդրադառնալով քրեական հեղինակություն համարվող «Դոն Պիպոյի» եղբոր սպանությանը։
«Հաշվի առնելով հետպատերազմյան շրջանը, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության ծավալները, նաեւ այն բարդույթները, որոնք առաջացել են հենց հետպատերազմյան շրջանում։ Ոստիկանությունը բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում՝ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում։ Մեծ թվով զենք-զինամթերք ենք հայտնաբերել, այլ բնույթի աշխատանքներ եւս տարվում են»,- նշեց նա։
Անդրադառնալով այն քննադատություններին, որ ոստիկանությունը դարձել է մեկ անձի քմահաճույքը կատարող, Ֆիդանյանն ասաց. «Մեր հիմնական գործառույթներից է հասարակական կարգի եւ անվտանգության ապահովումը, եթե առկա են որոշակի հանգամանքներ, որտեղ հնարավոր է լինել հասարակական կարգի անվտանգության դեմ ուղղված ոտնձգություններ, ապա ոստիկանությունը մշտապես այնտեղ է»։