Զինծառայողների գերեվարումը կապում եմ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարության հետ․ նա ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին մեղադրեց ՀՀ սահմաններին տիրող իրավիճակի մեջ, և Ադրբեջանն օգտվեց առիթից․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)
ПолитикаԱյսօր առավոտյան հայ 6 զինծառայողների գերեվարումը կապում եմ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ-ում արած հայտարարությունների հետ։ Նա ուղղակի մեղադրեց ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին՝ ՀՀ սահմաններին տիրող իրավիճակի մեջ, և Ադրբեջանը, նկատելով, որ այդ հարաբերությունների մեջ կա ճեղք, խնդիր, օգտվեց առիթից, գերեվարեց հայ զինծառայողներին, որ այդ ճեղքն ավելի խորացնի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Աննախադեպ և անթույլատրելի է ստեղծված իրավիճակը։ Ամենակարևորը՝ պետք է ախտորոշել՝ ինչն է պատճառը, որ մենք ունենք նման զարգացումներ։ Նիկոլ Փաշինյանը և այս կապիտուլյանտ իշխանությունը առհասարակ ինչքան մնան մեր երկրի ղեկին, մենք այդքան ունենալու ենք խնդիրներ»,- ասաց նա՝ նշելով, թե կապիտուլյանտ և դավաճան իշխանությունները վերջին ճիգերն են գործադրում՝ իրենց իշխանությունը պահելու համար։
«Բանաձևել եմ՝ Նիկոլ Փաշինյան՝ հավասար է նոր պատերազմ, նոր պարտություններ, նոր զոհեր, նոր գերիներ։ Ցավոք սրտի, այդ բանաձևը գործում է մինչև օրս։ Նիկոլը կանգ չառավ և շարունակեց իր պետականաքանդ գործունեությունը։ Մենք արտաքին թշնամուն կանգնեցնելու ենք մեր արտաքին սահմաններում, Նիկոլին և իր դավաճան խմբակին՝ դատարանի, Աստծո և ժողովրդի դատաստանի առջև»,-ասաց նա։
Հարցին՝ ՊՆ-ն կհանդգնի՞ կրակ բացել թշնամու դեմ, Վանեցյանն արձագանքեց․ «Մենք վերջին մի քանի օրերում ականատես ենք եղել, որ ՀՀ զինված ուժերը մեր երկրի արտաքին սահմանները պաշտպանելու համար փոխանակ զենք կիրառեն, ձեռնամարտի են բռնվում հակառակորդի հետ։ Ասում են՝ կա պայմանավորվածություն կրակ չբացելու, բայց մենք տեսանք, որ ունեցանք զոհ և վեց գերեվարված, այսինքն՝ այդ պայմանավորվածությունը պահում է բացառապես Նիկոլ Փաշինյանը, ադրբեջանական կողմը որևէ պարագայում այդ պայմանավորվածությունը չի պահում, և հենց սա է այն ցուցիչը, որ մենք ունենք պարտված իշխանություն, պարտված Նիկոլ Փաշինյան, որը չի կարողանում պաշտպանել և առաջ մղել ՀՀ պետական և ազգային շահերը»,- ասաց նա։
Արթուր Վանեցյանը նաև նշեց, որ մոտ 10-15 օր առաջ գրություն է ուղարկել ԳՇ պետին՝ խնդրելով, որ «Պատվի ունեմ» դաշինքից ձևավորվի ջոկատ, և իրենք մեկնեն ՀՀ-ի կամ Արցախի ցանկացած հատված՝ սահմանները պահելու։ «ԳՇ-ն այս փուլում ոչ նպատակահարմար է գտել մեր մեկնումը, բայց խոստացել են անհրաժեշտության դեպքում դիմել»,- հայտնեց Արթուր Վանեցյանը։