Ազնավուրի ծննդյան օրը միասին՝ 5-րդ գրքով ու նոր նախագծերով
ОбществоՄեծ հայի 97-ամյակին Newmag-ը և Ամունդի-Ակբան ներկայացնում են նրա առաջին ու միակ գեղարվեստական ստեղծագործությունը՝ «Հայրս՝ այդ հսկան» նովելների ժողովածուն՝ հայերեն: 16 նովել՝ նուրբ հումորով, վառ երևակայությամբ ու երջանիկ լինելու խոհափիլիսոփայությամբ: Բոլոր նովելները հայերեն են թարգմանվել առաջին անգամ:
Մեծ շանսոնյեի 1300 երգերից շատ քչերն են թարգմանվել հայերեն։ «Հայրս՝ այդ հսկան» նովելների ժողովածուի թարգմանիչը դեռ 1990-ականներին հայերեն էր թարգմանել նրա «Rest»՝ «Մնա» ստեղծագործությունը: Newmag հրատարակչության, Արմենիա հեռուստաընկերության շնորհիվ և Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության աջակցությամբ այն այժմ հնչում է նաև հայերեն:
Հուզիչ, ֆրանսիական նրբագեղությամբ ու հայկական հնչողությամբ «Մնա» երգը կատարել է է Էրիկ Կարապետյանը։
Ազնավուրյան գրական մատենաշարի և երաժշտական նախագծի գլխավոր գործընկերը Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերությունն է: Ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Հրայր Ասլանյանի խոսքով, գործակցությունը սկսվել է երեք տարի առաջ ու դեռ երեք տարի էլ կշարունակվի. «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի հիմնադրման օրվանից հայ-ֆրանսիական մշակութային կապի ամրապնդումն ու զարգացումը ընկերության ուշադրության կենտրոնում են: Այս օրը ևս նշածիս ապացույցն է: «Նյումեգ»-ի հետ համագործակցությամբ մենք արդեն իսկ նպաստել ենք մեծ հայ Շառլ Ազնավուրի գրքերի թարգմանությանը, այժմ էլ, մեծ ուրախությամբ որոշեցինք աջակցել նաև Ազնավուրի երգերի՝ հայերենով մատուցման գործին: Վսահ ենք, որ «Մնա»-ն շատ արագ կդառնա ժամանակի լավագույն երգերից մեկը՝ նոր շունչ բերելով հայկական երգարվեստ: Այս իրադարձությունը ևս մեկ հարգանքի տուրք է մեծ հայ Շառլ Ազնավուրի հիշատակին»:
Հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի խոսքով, Ազնավուրը բազմիցս ասել է, որ սիրում է, երբ իր երգերը կատարում են, բայց չի սիրում, երբ իրեն կապկում են. «Եվ փիլիսոփայությունը երգի նոր գործիքավորման հետևլյալն էր` ներշնչվել Ազնավուրով, փոխանցել ոգին, բայց չկապկել։ Կարծում եմ, որ Մարտինի երաժշտական ճաշակը, Էրիկի երաժշտական կարողությունները, և երկուսի պատվախնդրությունն ունեն լավ արդյունք, որը կհամալրի մեր երաժշտական գանձարանը»։
Newmag-ի երաժշտական նախագիծը սկսվեց «Մնա» երգով, կշարունակվի մյուս հայտնի ու ոչ այնքան շատ հնչած ազնավուրյան կատարումներով: Մինչև շանսոնյեի հարյուրամյակը՝ Newmag-ը խոստանում է, հայերեն կթարգմանի ու կհրատարակի ոչ միայն Ազնավուրի ամբողջ գրական ժառանգությունը, այլ երգերը կհնչեն հայերեն՝ նոր գործիքավորմամբ, նոր տեսահոլովակներով: