Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը ներկայացրեց Վերաքննիչի դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդություն
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց Վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի մասին միջնորդություն:
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանում քննվում է առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված դատախազության բողոքը, որը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը գործի նյութերն ամբողջ ծավալով տրամադրելու վերաբերյալ:
Պաշտպանական կողմը ներկայացնում են փաստաբաններ Արամ Վարդեւանյանը եւ Հովհաննես Խուդոյանը: Փաստաբանը ներկայացրեց մի շարք կետեր, որոնք հաստատում են դատավորի ինքնաբացարկի անհրաժեշտությունը: Արամ Վարդեւանյանը նշեց նույն գործով բերված նախկին բողոքներով դատավորի կողմից ավելի վաղ թույլ տրված խախտումները: «Խոսքն ընդհանրապես այն մասին չէ՝ դուք կարո՞ղ եք արդյոք օբյեկտիվ լինել, խոսքը ձեր սուբյեկտիվության մասին է»,- նշեց փաստաբանը:
Փաստաբանի ելույթն ընդհատվեց. դատավորը հիշեց դահլիճում լրատվամիջոցների ներկայության մասին եւ խնդրեց նրանց ներկայանալ, որից հետո կողմերի կարծիքը հարցրեց՝ դահլիճում լրատվամիջոցների մնալու վերաբերյալ: Առարկություններ չեղան, եւ նիստը շարունակվեց:
Փաստաբանը հիշեցրեց, որ թվարկված խախտումների կապակցությամբ կարող է վարչական խախտման հարց բարձրացվել, որում դատավորը կարող է լինել շահագրգիռ կողմ:
Փաստաբան Խուդոյանը նշեց, որ դատավոր Դանիելյանի որոշման մեջ իրեն մի արտահայտություն է հանդիպել: Դատական դեպարտամենտում այս նույն արտահայտությունը փնտրելիս փաստաբանը հայտնաբերել է, որ 11 անգամ հանդիպող այդ արտահայտությունը 1 անգամ օգտագործել է Դանիելյանը, 10 անգամ Վերաքննիչ դատարանի այլ դատավոր: Եզրահանգում՝ կա՛մ դատավոր Դանիելյանը գործընկերոջ հետ խորհրդակցել է, կա՛մ ընդհանրապես որոշում ինքնուրույն չի կայացել:
Խուդոյանը նշեց, որ այս հանգամանքը կարող էր դիմելու պատճառ լինել, սակայն նախընտրել է հայտնել, որ իրավասու մարմիններն այս հայտարարությունը կարող են դիտարկել որպես ենթադրյալ խախտման մասին հաղորդում: Այսպիսով, համանման գործողություններում կասկածվող դատավորը այս գործը չի կարող քննել, հավելեց փաստաբանը: Նա ի հավելումն նշեց լրատվամիջոցների հրապարակումը, որում ԲԴԽ ղեկավարը հայտարարում է մյուս դատավորներից որոշների նախընտրելիության մասին: Նախընտրելիների թվում նշված է նաեւ Դանիելյանը: