Մեր հայրենիքը սպառնալիքների տակ է․ հրավիրում եմ՝ մասնակցելու համազգային աղոթքի արարողությանը. Արտակ Թովմասյան (տեսանյութ)
ПолитикаՄայիսի 24-ին` ժամը 18․30-ին, հրավիրում ենք բոլորին «Դվին» համալիր՝ խոսելու ստեղծված իրավիճակի մասին, քննարկելու մեր երազած Հայաստանը կառուցելու ծրագրերն ու անելիքները և մասնակցելու համազգային աղոթքի արարողությանը։ Այս մասին իր տեսաուղերձում ասել է «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը:
Նա իր ուղերձում, մասնավորապես, ասել է.
«Սիրելի հայրենակիցնե՛ր, այսօր մենք ապրում ենք անկումային ժամանակներ։ Մարդիկ վստահություն չունեն վաղվա օրվա հանդեպ, անորոշ և մշուշոտ է ապագան։ Չկա հավատ ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության, ո՛չ առհասարակ քաղաքական ուժերի հանդեպ, մեր հայրենիքը սպառնալիքների տակ է:
Մեր ազգի պատմության մեջ նման իրավիճակներ էլի են եղել, բայց մեր հավատի ու եկեղեցու շնորհիվ դարեր ի վեր կարողացել ենք ապրեցնել մեր հայրենիքը՝ նույնիսկ ամենաանհնար ու ճգնաժամային իրավիճակներում։
Անվստահությունն ու անորոշությունը զրկում են մեր ազգին հույսից և ապահով ապագայի տեսլականից։ Այսպես երկար շարունակվել չի կարող։ Հաշվի առնելով, որ հայրենիքը սպառնալիքների մեջ է՝ առաջարկում ենք վերկանգնել մասնատվածությունից, թոթափել ատելությունն ու չարությունը, միմյանց հանդեպ լցվել սիրով և վստահությամբ։
Մայիսի 24-ին` ժամը 18․30-ին, հրավիրում ենք բոլորին «Դվին» համալիր՝ խոսելու ստեղծված իրավիճակի մասին, քննարկելու մեր երազած Հայաստանը կառուցելու ծրագրերն ու անելիքները և մասնակցելու համազգային աղոթքի արարողությանը։
Մենք պարտավոր ենք միաբանելու ազգի ներուժն ու կարողությունը՝ հանուն մեր վաղվա սերնդի հույսով և հավատով լի ապագայի։
Խորհենք, թե ինչ երկիր ենք ցանկանում կառուցել և ինչ ժառանգություն թողնել հաջորդ սերունդներին։
Այսօր Հայաստանում վտանգավոր չափերի է հասնում ատելության խոսքն ու այլակարծության հանդեպ անհանդուրժողականությունը։ Մի պահ կանգ առնենք, մեր հայացքներն ուղղենք Աստծուն և խաղաղվենք։ Եկել է միաբանվելու ժամանակը, և ես վստահ եմ, որ Միասին Մենք Կարող ենք»:
Դիտեք նաև`