Ադրբեջանցիները ֆուլ մարտական 200 զինծառայողով կտրել են ճանապարհը Սեւ լճերից դեպի Գորիս. Վահե Հակոբյան
ПолитикаԻմ ստացած տեղեկություններով, Իշխանասարի հետեւի հատվածը, որը կոչվում է «Սեւ լիճ», հիմա ադրբեջանցիները առաջ են եկել եւ համաձայն իրենց GPS-ի, ինչպես արեցին Շուռնոխում, Որոտանում, պնդում են, որ դա իրենց տարածքն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը:
«Քանի որ էս կողմից դիմադրության ընդհանրապես չեն հանդիպում, գիշերը 200-ից ավելի զինծառայողով Քելբաջարի կողմից ֆուլ մարտական հագեցվածությամբ բարձրացել են վերեւ, կտրել են ճանապարհը Սեւ լճերից դեպի Գորիս, ու իմ ստացած տեղեկություններով նաեւ շրջապատել են մեր այնտեղի հենակետը:
Առավոտյան լույսը բացվել է, տեսել են, որ չորս կողմից ադրբեջանցիներ են: Անգամ անցել են եւս 3 կմ իրենց իսկ նշած GPS-ի կետից դեպի Հայաստան: Հիմա ռուսներն արդեն հասել են, բանակցում են, որքան գիտեմ: Կրակոցների, մարտերի մասին ինֆորմացիան չի ստանում ապացույց, ըստ երեւույթին չի եղել, բայց դա հստակ չէ: Այս վիճակն է հիմա»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք հայկական հենակետը դեռ շրջափակման մեջ է, նախկին մարզպետը պատասխանեց. «Հիմա չեմ կարող ասել, որովհետեւ ռուսներն արդեն այնտեղ են եւ վարում են բանակցություններ: Այնտեղ արդեն գնում են վարչական ղեկավարները: Մի քիչ ուշ մենք ավելի հստակ կասենք»:
Վահե Հակոբյանը հավելեց, որ ադրբեջանցիներն անընդհատ այդպես առաջ են գալու. «Այսքան ժամանակ, որ մենք ասում ենք, որ Սյունիքը վտանգված է, մենք հենց այս տեսակի երեւույթների մասին ենք նաեւ ասում: Եթե ամենաթողությունը շարունակվի, իրենք գալու են, վենցնեն ու կտրեն Խաչիկ գյուղից: Մենակ Սյունիքը չէ, Վայոց Ձորն էլ է ընկնելու իրենց ախորժակի մեջ»:
Նախկին մքրզպետը նկատեց, որ Սեւ լճի 30 տոկոսն արդեն իրենց ձեռին էր, հիմա ամբողջությամբ են վերցրել, գումարած 3 կմ էլ էս կողմ են եկել: Նրա խոսքով, համայնքի ոռոգման մատակարարման մեծ մասը հենց այդ տարածքից էր. «Եթե վերցրել են, իհարկե, խնդիրներ են լինելու: Գյուղատնտեսությունն ընդհանրապես կվերանա: Արոտավայրերի 80 տոկոսից ավելին չկա, ժողովուրդը չգիտի, թե անասուններին ինչ անի, հիմա էլ եթե ոռոգման ջուր չլինի, ով այգի ունի, դա էլ է վերանալու:
Բացի ոռոգումից, այնտեղ նաեւ խմելու ջուրն է Գորիսի: Իրենք արդեն լիճն ամբողջությամբ վերցրել են: Հիմա եթե այդպես մնա, Գորիսը մնում է առանց խմելու ջրի եւ դա աղետալի վիճակ կարող է ստեղծվել»,-ասաց Վահե Հակոբյանը: