Մենք կարծում էինք, որ ճիշտ ճանապարհը մեղմ մոտեցումն է, շարժումը մաշեցնելով, տանել դեպի մարում․ Սերժ Սարգսյան (ուղիղ)
ПолитикаԻնձ համար զարմանալի չէ, որ մարդիկ ինձ մեղադրում են իշխանությունը տալու մեջ, բա ի՞նչ անեն մարդիկ, իրենք իրենց մեղադրե՞ն։ Այս մասին Արմնյուզ-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Իրենք իրենց ասեին, որ իրենք փողոցներ էին փակում, որ իրենք դմփ-դմփ-հու էին անում։ Բայց երբ ասում եմ՝ բա մարդիկ ում մեղադրեն, դա չի նշանակում, որ ինքս ինձ չեմ մեղադրում։ Անշուշտ ես չէի կարող պատկերացնել, որ կարող էր այսպիսի հետեւանք լինել։ Իհարկե, ես շատ լավ հասկանում էի, որ դա հակաղարաբաղյան շարժում է, հասկանում էի, որ մարդկանց տարիներով փորձփել են հավատացնել, որ Հայաստամնը չզարգացող երկիր է, որ Հայաստանում կոռուպցիան հասել է չգիտեմ ինչ աստիճանի, որ Հայաստանում անարդարությունը անսահման է եւ այլն։ Բայց որ կարող էր այսպիսի աղետ լինել, բնական է, որ ես չէի կարող կանխատեսել։ Ես հասկանում էի, որ այո, կարող են լինել խնդիրներ։ Ես հասկանում էի, որ եթե բանակցային պրոցեսում գլխավոր բանակցողները փոխվեն, Ղարաբաղի խնդրի լուծումը գնալու է այլ ուղղությամբ։ Հնարավորությունը մեծ էր։ Ես այդպես էի կարծում»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Դիտարկմանը, որ 2018-ին Ռադիոտան գրավումից հետո բոլոր հիմքերը կային Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու, ինչու նա չձերբակալվեց, Սերժ Սարգսյանն ասաց․ «Այո, ակնհայտ էր, որ հանցագործություն կար, բայց ես խնդրին նայում էի մի քիչ ավելի լայն պատկերի մեջ, քանի որ իրենք սակավաթիվ էին, քանի որ չկար որեւէ կանխատեսում, որ այդ շարժումը կարող էր աճել, ստանալ այն թափը, որ հետո ունեցանք, որոշեցինք, որ դա կարող էր նմանվել այլ երկրների սցենարին, որտեղ ձերբակալումից կամ ուժ կիրառելուց հետո այդ շարժումներն ստանում էին բոլորովին այլ բնույթ։ Սա էր միակ պատճառը, որ ձերբակալում տեղի չունեցավ։ Կարծում էինք, որ սա միգուցե խայծ էր, որ նա ձերբակալվի, հերոսացվի եւ դրա հիման վրա շարժումը թափ հավաքի»։
Նա հավելեց, որ եթե որոշում կայացվեր ուժ կիրառելու, անպայման դա կիրականացնեին․ «Սկզբնական շրջանում մենք չունեինք այդպիսի որոշում, որովհետեւ կարծում էին, որ ճիշտ ճանապարհը մեղմ մոտեցումն է, մաշեցնելով, տանելով դեպի մարում այդ շարժումը, հատկապես, որ դրա փորձը ունեինք՝ Էլեկտրիկ Երեւան, ՊՊԾ գնդի գրավում, այլ դեպքեր։ Այդ ժամանակ մեզ հաջողվեց այդ շարժումները տանել դեպի մարում առանց լուրջ կիրառելու։Նորից եմ ասում, կարելի էր ուժ կիրառելով խնդիրը լուծել, բայց եթե մենք փորձեինք ուժ կիրառել արդեն ապրիլի 19-ին եւ դրանից հետո, ապա կարծում եմ՝ հետեւանքները շատ ծանր կլինեին։ Հիշեք, թե որքան երեխաներ կանայք կային, մենք դրա համար ձեռնպահ մնացինք ուժի կիրառումից»,-ընդգծեց ՀՀ երրորդ նախագահը։
Սերժ Սարգսյանը հավելեց, որ եթե իմանար, որ այսպես է լինելու, կձեռնարկեր ցանկացած միջոց, որպեսզի այսպես չլիներ․ «Ես ուղղակի հեռացա, որ այդ մարդիկ կառուցեն իրենց երազած երկիրը։ Ես չէի կարող մտածել, որ իրենց երազածը ուրիշ բան է, կամ որ իրենք այդքան ոչ կոմխպետենտ կգտնվեն։ Չէի կարող ենթադրել այսպիսի խայտառակություն։ Որ համոզված էի, որ երկիրը մի քիչ այլ ճանապարհով կշարժվի, թող որեւէ մեկը չկասկածի, բայց որ այսպիսի հետեւանքներ պետք է ունենար, չէի կարող պատկերացնել»։