Կորոնավիրուսը բացահայտեց, որ մեր իշխանությունը ունակ չէ որոշումներ կայացնել. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Որտե՞ղ է Հայաստանի ինքնիշխանությունը:
Հայտնի է, որ յուրաքանչյուր պետության կարևոր բնութագրիչներից մեկը սուվերենությունն է կամ ինքնիշխանությունը, որի տակ հասկանում ենք ինչպես անկախությունը միջազգային հարաբերություններում, այնպես էլ սեփական տարածքում սեփական որոշումներ կայացնելու և իրագործելու հատկությունը:
Կարճ ասած, դա նաև պետության ունակությունն է իրականացնել գերագույն իշխանություն իր տարածքում իր ժողովրդի հանդեպ:
Կորոնավիրուսային աղետը, որը չոքել է մեր երկրի կոկորդին, բացահայտեց ևս մեկ կարևոր հանգամանք: Այս կառավարությունը ունակ չէ գեներացնել, կայացնել և իրագործել որոշումներ մեր տարածքում մեր ժողովրդի նկատմամբ:
Օրեցօր աճող թվերը, պարետատան կաթվածահար վիճակը, ոլորտային գերատեսչություններ հասունացող կոլլապսը և Փաշինյանի ջղաձիգ պոռթկումները վկայում են այն մասին, որ Հայաստանի ինքնիշխանությունն այս կառավարության օրոք նվազել է կրիտիկական մինիմումի, այստեղից բխող բոլոր կործանարար հետևանքներով:
Կառավարությունը, գցելով մեղքը ժողովդրի վրա ու պնդելով, թե ժողովուրդն իրեն չի լսում, խոստովանում է ինքնիշխանության ճգնաժամի մասին»: