Բարոյականության և իրականության սահմանագծին. ո՞վ կարող է պաշտպանել ռազմավարական դաշնակցին
ОбществоԱրդեն մի քանի օր է՝ հայաստանյան քաղաքական համակարգը ալեկոծված է, և պատճառը ամենևին արտահերթ ընտրությունների սպասումը չէ. «Հայոց Արծիվներ»-ի առաջնորդ Խաչիկ Ասրյանը օրերս հայտարարել էր, որ եթե արևմուտքի սադրանքով Ուկրաինան փորձի Ռուսաստանին ներքաշել պատերազմական գործողությունների մեջ, արցախյան քառօրյա, և վերջին 44 օրյա պատերազմական գործողությունների մասնակից «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը իր հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ կանգնելու է Ռուսաստանի կողքին և խրամատում պաշտպանելու է դարերով թրծված հայ-ռուսական եղբայրությունն ու բարեկամությունը:
Երբ այս հայտարարությանը առանձնակի «ջերմեռանդությամբ» արձագանքում է արևմտյան թևը՝ ինչ որ տեղ կարելի է հասկանալ, «Արծիվներ»-ը ուղիղ կպել են նրանց ստրատեգիական շահերին, և, որն ամենավտանգավորն է, կարող են Ռուսաստանի պաշտպանության նմանատիպ ալիք բորբոքել իրենց օրինակով, բայց երբ հայ քաղաքական դաշտում են ծանր տանում Խաչիկ Ասրյանի հայտարարությունները ռուս ժողովրդի կողքին ռեալ քայլերով կանգնելու մասին՝ ուզում ես հասկանալ, թե որտեղ է թաղված շան գլուխը:
Բանն այն է, որ այդ քաղաքական ուժերը կարող են խոսել Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային և նույնիսկ էկոլոգիական հարցերում համագործակցության մասին, սակայն չեն կարող հայտարարել, որ պատրաստ են խրամատում կանգնել ռուս զինվորի կողքին և պատերազմել Ռուսաստանի թշնամու դեմ: Շատ պարզ պատճառով, որովհետև այդ կուսակցություններից որևէ մեկը՝ իր ղեկավարով, չի մասնակցել 2020 թվականի արցախա-ադրբեջանական 44-օրյա պատերազմին, բացի Խաչիկ Ասրյանից և «Հայոց Արծիվներ» ջոկատից:
Հիմա ի՞նչ երեսով պետք է Ռուսաստանը պաշտպանող ամպագոռգոռ հայտարարություններ անեն: Հաստատ կգտնվեն հազարները, որ հարց կտան՝ տղա ջան, պաշտպանող էիր, քո երկիրը պաշտպանեիր: Մեծ մեծ փրթելիս, մարդկանց պախարակելիս, քաղաքական առևտուր անելիս դուք անգերազանցելի եք, ռեալ գործողությունների ժամանակ մկան ծակին հազար թուման եք տալիս:
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը պատերազմի հենց առաջին օրից, առանց որևէ մեկի կոչի ու հրամանի, ինքնակազմակերպվելով կանգնել է Արցախի սահմանների պաշտպանության առաջնագծում: Ինչպես կուզեք՝ ընդունեք, բայց այդ մարդիկ բարոյական իրավունք են վաստակել նաև դաշնակցին պաշտպանելու և հայ ժողովրդին երեսպարզ անելու: Եվ, հավանաբար, այդ վստահությունն է պատճառը, որ աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ հայեր են արձագանքում Խաչիկ Ասրյանի կոչին՝ իրենց պատրաստակամությունը հայտնելով սատարել այդ նախաձեռնությանը:
Քաղաքական գործիչների մտքերը կամ գործողությունները պարտադիր չէ, որ բոլորի համար ընդունելի լինեն, բայց պարտադիր է, որ լինեն հատու, հստակ ու տարընթերցումների տեղիք չտան: ԹԵ բոլոր պատերազմներին մասնակցությունը, թե Ռուսաստանի հետ շիտակ բարեկամությունը ինձ մոտ առանձնահատուկ հարգանք են առաջացնում Խաչիկ Ասրյանի նկատմամբ, ինչը, կարծում եմ, առաջիկայում նրա հաղթաթուղթն է լինելու:
Վահագն Խաչատրյան