Գինու համաշխարհային սպառումը 2020-ին կրճատվել է` գրանցելով վերջին 18 տարվա նվազագույն ցուցանիշը
ЭкономикаԳինու համաշխարհային սպառումը 2020 թվականին կրճատվել է 3 տոկոսով` 2019 թվականի համեմատ և հասել է 2002 թվականից ի վեր գրանցված նվազագույն ցուցանիշին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության հաշվետվության մեջ:
Միևնույն ժամանակ նշվում է, որ գինու արտադրությունն անցյալ տարի 2019 թվականի համեմատ աճել է 1 տոկոսով` հասնելով 260 մլն հեկտոլիտրի:
«2020 թվականին գինու համաշխարհային սպառման ծավալը գնահատվում է 234 մլն հեկտոլիտր, ինչը 3 տոկոսով ավելի քիչ է, քան 2019 թվականին: Գրանցվել է 2002 թվականից ի վեր արձանագրված ամենացածր ցուցանիշը»,- ասվում է հաշվետվության մեջ:
Կազմակերպության տվյալներով` գինու սպառման ծավալի նվազումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի ժամանակահատվածում բարերի և ռեստորանների աշխատանքի սահմանափակմամբ, զբոսաշրջային ուղևորությունների քանակի կրճատմամբ:
Նշվում է, որ գինու սպառման ծավալի առավել զգալի կրճատում է արձանագրվել Չինաստանում (–17,4%) և Հարավաֆրիկյան Հանրապետութունում (–19,4%): Ռուսաստանում սպառման ոչ մեծ աճ է գրանցվել (3%): Գինու սպառման ծավալն ամենից շատ ավելացել է Բրազիլիայում (18,4%)0