Ակնհայտ է, որ այդ «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության և ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է․ Արման Թաթոյան
ПравоՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Համաշխարհային արաբական Ալ Արաբիա (Al Arabia) հեռուստաընկերությանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Արման Թաթոյան հարցազրույցը 2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացված՝ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող «ցուցահանդես-պուրակի» վերաբերյալ:
«Պուրակի» տեսանյութերից ու լուսանկարներից ակնհայտ է, որ ցուցադրությունն արված է հայկական զինծառայողների մանեկեններով (մոմե ցուցադրությամբ)՝ հայատյացությունն ու թշնամանքն ավելացնելու, խրախուսելու համար, հրապարակայնորեն նսեմացնելու համար պատերազմում զոհվածների հիշատակը, անհայտ կորածներին ու գերիներին, ոտնահարելու համար նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը:
Բացված «պուրակում» ցուցադրված են նաև հայ գերիներին վերաբերող տեսարաններ: Այս քայլը հատկապես դատապարտելի է այն ֆոնին, որ Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար, մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ պահվել գերիներ՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք:
Ակնհայտ է, որ այս զգայուն հարցը պատճառում է հոգեկան ցավ ու տառապանք անհայտ կորածների և գերիների ընտանիքներին ու հայկական հասարակությանն, առհասարակ:
Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վեր է հանել ցուցահանդեսի վերաբերյալ ադրբեջանական սոցիալական ցանցերի գրառումներ, որոնք միայն ողջունում ու խրախուսում են Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունը, իսկ մեկնաբանությունները վկայում են ակնհայտ հայատյացության ու թշնամանքի մասին:
Ակնհայտ է, որ այդ «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության և ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է»: