Գոտեւորող լիշայ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նոր կողմնակի ազդեցությո՞ւն
ОбществоԳոտեւորող լիշայը կարող է կորոնավիրուսի դեմ Pfizer-BioNTech պատվաստանյութի հազվագյուտ կողմնակի ազդեցություն լինել: Իսրայելի հետազոտողները պարզել են, որ որոշակի աուտոիմունային հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ, համեմատած այդ հիվանդությունները չունեցող մարդկանց հետ, պատվաստումից հետո հաճախ մաշկի ցան է առաջանում, որը հայտնի է նաեւ որպես գոտեւորող հերպես:
Tel Aviv Sourasky Medical Center-ի եւ Carmel Medical Center-ի մասնագետները բժիշկներին խորհուրդ են տալիս հատուկ ուշադրություն դարձնել աուտոիմունային հիվանդություններով պացիենտների անսովոր ախտանիշներին:
Ինչպես նշել է Tel Aviv Sourasky Medical Center-ի ռեւմատոլոգ, գլխավոր հետազոտող դոկտոր Վիկտորյա Ֆուրերը, գիտնականները դեռ համոզված չեն, որ հենց պատվաստանյութն է հիվանդների մաշկաբանական խնդիրների պատճառը: Բայց չի կարելի բացառել, որ պատվաստանյութն էլ կարող է, այսպես կոչված, խթան հանդիսամալ այս խնդիրների դրսեւորման համար:
Rheumatology ամսագրում հրապարակված ուսումնասիրության շրջանակներում թիմն ուսումնասիրել է 590 պացիենտների, ովքեր ստացել են Pfizer-ի պատվաստանյութ: 491 պացիենտ ունեցել է աուտոիմունային բորբոքային ռեւմատիկ հիվանդություն, իսկ մնացած 99-ն ընդգրկվել են վերահսկողական խմբում:
Աուտոիմունային բորբոքային ռեւմատիկ հիվանդությունները (AIIRD) «ստիպում են» իմունային համակարգին գրոհել մարդու ոսկորների, հոդերի, մկանների կամ օրգանների վրա: Դրանց թվում են այնպիսի վիճակները, ինչպիսիք են ռեւմատոիդ արթրիտը, համակարգային սկլերոզը եւ շարակցական հյուսվածքի խառը հիվանդությունը: Տարածված ախտանիշներն են մկանների ցավը, հոգնածությունը, հոդերը ծածկող մաշկի այտուցն ու կարմրությունը եւ ձեռքերի ու ոտքերի թմրելը:
AIIRD ունեցող 491 պացիենտներից 6-ի մոտ (1,2%) գոտեւորող լիշայ է առաջացել:
Գոտեւորող լիշայը վիրուսային վարակ է, որը մարմնի ցանկացած մասում ցավոտ ցան է առաջացնում եւ առաջանում է նույն վիրուսի հետեւանքով, ինչ որ ջրծաղիկը։ Այն բանից հետո, երբ մարդը հիվանդանում է ջրծաղիկով վիրուսը ոչ ակտիվ մնում է օրգանիզմի մեջ, եւ տարիներ անց կարող է վերաակտիվանալ գոտեւորող լիշայի տեսքով:
AIIIRD-ով պացիենտներից հինգը վարակվել են Pfizer-ի առաջին չափաբաժնի ներարկումից հետո, եւ մեկը` երկրորդից հետո: Համեմատության համար նշենք, որ հսկվող խմբի պացիենտներից ոչ մեկի մոտ գոտեւորող լիշայ չի առաջացել` պատվաստանյութի ոչ առաջին, ոչ էլ երկրորդ ներարկումից հետո:
Մասնագետները AIIRD-ով պացիենտներին խորհուրդ են տալիս նախքան կորոնավիրուսի դեմ պատվաստվելը գոտեւորող լիշայի դեմ պատվաստվել՝ ռիսկը նվազեցնելու համար: Իսկ ահա կորոնավիրուսի դեմ պատվաստումներից հրաժարվել նա խորհուրդ չի տալիս:
Ավելին...