Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը ավելացրել է ռուսերենի անվճար դասընթացների խմբերը
ОбществоԵրևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը սկսել է ռուսերենի անվճար դասընթացների նոր շրջափուլը։ Երևանից և մարզերից շուրջ 200 երեխաներ ռուսերեն են սովորում հատուկ մշակված ուսումնական ծրագրով։ 7-14 տարեկանների համար դասընթացներն անցնում են 18 խմբերում, որոնք կազմվել են երեխաների թեստավորման արդյունքում:
«Դոմ Մոսկվի» կենտրոնի դասավանդողները դասընթացներն անցկացնում են ժամանակակից, ինտերակտիվ ծրագրով ու մեթոդներով, որոնք մշակվել են հատուկ բարձր արդյունավետություն գրանցելու համար։
«Նախորդ շրջափուլերի դասընթացների ակտիվությամբ և մասնակիցների քանակով պայմանավորված՝ ավելացրեցինք խմբերը և ընդլայնեցինք աշխարհագրությունը։ Երեխաները, որոնք մինչև դասընթացներին մասնակցելը կաշկանդվում էին խոսել ռուսերեն, այսօր ազատ հաղորդակցվում են միմյանց հետ։ Այս ամենը փաստում է, որ դասընթացները պահանջված են, չափազանց արդյունավետ և երեխաները ցանկանում են ռուսերեն սովորել, զարգացնել բանավոր խոսքն ու շփումը ռուսական մշակույթի հետ», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Այժմ դասընթացները անցկացվում են Երևանում, Աբովյանում, Աշտարակում, Արմավիրում, Վայքում, Վանաձորում, Գյումրիում, Մարտունիում, Մեղրիում, Չարենցավանում, Եղեգնաձորում և Էջմիածնում։ Դասընթացների նպատակն է ծանոթացնել երեխաներին ռուսական մշակույթին, ինչպես նաև զարգացնել հայ–ռուսական բարեկամական կապերն ու մշակութային երկխոսությունը։
Հիշեցնենք, որ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը իրականացնում է տարբեր կրթական, մշակութային և սոցիալական նախագծեր։ Վերջին կրթական նախաձեռնություններից են նաև երևանյան կրթօջախներին դասագրքերի և գեղարվեստական գրականության փոխանցումը և ռուսական կենտրոնների ստեղծումը Երևանում և մարզերում։