Պուտինը ցույց է տալիս իր վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ․ «168 ժամ»
Политика«168 ժամ» թերթը գրում է. «Վերջին օրերին ՌԴ-ն ակտիվացրել է շփումները Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ տարբեր մակարդակներում: Գուցե դա պայմանավորված է եռակողմ ապաշրջափակման բանակցություններում առանցքային հանգրվանով կամ թյուրքալեզու երկրների խորհրդում Ադրբեջանի նախագահի համարձակ հայտարարություններով, պարզ կդառնա առաջիկայում:
Սակայն ՌԴ ակտիվացումն արտահայտվեց թե՛ նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումներով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, թե՛ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ Երեւան եւ Բաքու կատարած այցերով, ինչպես նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցներով Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ:
ՀՀ-ում թավշյա հեղափոխություն կոչվող քաղաքական իրադարձությունից հետո բազմիցս ենք գրել Փաշինյան-Պուտին շփումների, հատկապես՝ հեռախոսազրույցների, դրանց բովանդակության, տոնայնության, հաճախականության կամ ընդհանրապես որոշակի շրջաններում՝ նույնիսկ բացակայության մասին:
Հերթական ուշագրավ եւ խոսուն դրվագը, որը ցույց է տալիս Պուտինի, Կրեմլի վերաբերմունքը հայաստանյան իշխանության նկատմամբ, Պուտինի հեռախոսազրույցներն են Փաշինյանի ու Ալիեւի հետ: Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մարտի 26-ին, իսկ Պուտին-Ալիեւ զրույցը՝ ապրիլի 1-ին, ըստ երեւույթին, ռուսական կողմի նախաձեռնությամբ:
Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված երկու հաղորդագրություններում նկատվող տարբերություններն այն դեպքում, երբ Կրեմլը պաշտոնապես ավանդաբար ձգտել է պահպանել պարիտետը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ շփումներում, աչքի են զարնում:
Նախ՝ Փաշինյան-Պուտին գրեթե բոլոր հեռախոսազրույցների հաղորդագրություններում ռուսական կողմը նշում է, որ հեռախոսազրույցը հայկական կողմի նախաձեռնությամբ է՝ դրանով իսկ շեշտելով, որ զանգահարողը, այդ հարաբերություններից ինչ-որ բան ակնկալողը Փաշինյանն է, Կրեմլը որեւէ որակում եւ գնահատական չի տալիս նաեւ հայ-ռուսական հարաբերություններին, ինչը ուշագրավ փաստ է:
Ավելին...