Թբիլիսի. Ֆերդինանդ Կարապետյանը պարտվել է 3 հաղթանակ տանելուց հետո
Հայաստանի առաջատար ձյուդոիստ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) չի կարողացել մեդալ նվաճել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող ձյուդոյի «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարում:
Հայ ձյուդոիստը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ հաղթել է իսրայելցի Իդո Լևինին: 1/16 եզրափակիչում նա ուժեղ է գտնվել ավստրիացի Լուկաս Ռեիտերից, իսկ 1/8 եզրափակիչում պարտության է մատնել Մոնղոլիան ներկայացնող Օդբայար Գանբատարին և դուրս եկել քառորդ եզրափակիչ: Կիսաեզրափակիչի ուղեգիրը Կարապետյանը վիճարկել է Կոսովոյի ներկայացուցիչ Ակիլ Կջակովայի հետ և պարտվել: Հայաստանի ներկայացուցիչը նաև բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտ է անցկացրել վրացի Ալեկո Մամիաշվիլու հետ, որին ևս պարտվել է և բավարարվել 7-րդ տեղով:
Ֆերդինանդ Կարապետյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր մրցաշարում:
Հիշեցնենք, որ փետրվարին Ֆերդինանդ Կարապետյանը մասնակցել էր Տաշկենտում անցկացված «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարին և դարձել բրոնզե մեդալակիր: Նա Հայաստանի միակ ձյուդոիստն է, որը պահպանում է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու շանսերը: