Ո՞րն է Խաչիկ Ասրյանի բանակաշինության կոնցեպտը
ПолитикаԱյն, որ Հայաստանի և Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորը Հայոց Ազգային Բանակն է եղել, կա և կլինի, փաստ է: Փաստ է նաև, որ Հայկական բանակը ապրում է իր ոչ լավագույն օրերը, հետևաբար իշխանության ձգտող քաղաքական ուժերը պետք է հստակ ձևակերպեն իրենց տեսլականը մեր բանակի զարգացման և հզորացման հարցի հետ կապված: Հասարակությանը դա ամենաշատն է հետաքրքրում, և առաջիկա ընտրություններում բանակի հետ կապված հարցերը լինելու են նրա քվեարկության հիմնական մոտիվացիաներից մեկը:
Այսպիսով, դիցուք, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ Խաչիկ Ասրյանն ինչպե՞ս է պատկերացնում և ի՞նչ է առաջարկում բանակաշինությունը նոր մակարդակի բարձրացնելու գործում: Իշխանության հասնելու պարագայում նա մտադրված է հինգ տարվա ընթացքում Զինված Ուժերի ցամաքային և օդային ամբողջ տեխնիկան փոխարինել ժամանակակից, արդիական տեխնիկայով, իսկ ամբողջ հին տեխնիկան օգտագործել որպես ուսումնական միջոց: Հաջորդը՝ արդիականացնել Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ու Նախիջևանի հետ սահմանագծի ողջ երկայնքով առկա ինժեներական պաշտպանական կառույցները, ստեղծել և կատարելագործել հուսալի պաշտպանական 2-րդ և 3-րդ բնագծեր: Ըստ Ասրյանի՝ մեկ տարվա ընթացքում և դրանից հետո՝ սահմանային առաջնագծում մարտական հերթապահություն միշտ պետք է իրականացնեն բացառապես պայմանագրային զինծառայողները: Մեկ տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր պայմանագրային զինծառայողի աշխատավարձը դարձնել նվազագույնը 300.000 դրամ, երկրորդ տարում՝ նվազագույնը 400.000 դրամ, երրորդ տարում՝ նվազագույնը 500.000 դրամ, և այս չափը կպահպանվի առաջիկա հինգ տարվա ընթացքում: Երկրորդ տարվանից սկսած՝ պարտադիր ժամկետային զինծառայողներն էլ չեն ծառայի մարտական հերթապահությունում, այլ զորամասերում կզբաղվեն մարտական պատրաստությամբ:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության համոզմամբ, հաշվի առնելով Հայկական Բարձրավանդակի աշխարհագրական դիրքը, Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի կողմից Հայաստանի, Արցախի և Հայ Ժողովրդի դեմ անընդհատ վերսկսվող պատերազմական գործողությունների սպառնալիքը՝ Հայաստանի Ազգային Ժողովը պետք է պարտադիր օրենք ընդունի առ այն, որ Հայաստանում բարձր պաշտոններ զբաղեցնող արական սեռի ներկայացուցիչները պետք է պարտադիր ժամկետային ծառայություն անցած լինեն բանակում՝ բացառությամբ կոնկրետ գիտությամբ զբաղվելու, մշակութային և սպորտային համաշխարհային արդյունքներ ցուցաբերելու համար բանակից ազատվածների: