Հայաստանի գլխավոր օդերեւութաբանը կանխատեսում է տեղումներ եւ օդի ցածր ջերմաստիճան
Օդի ջերմաստիճանը մարտին կլիմայական նորմայի սահմաններում է: Տեղումների քանակը նորմայից բարձր է: Արձանագրվում են օդի ջերմաստիճանի կտրուկ անկումներ: Այս մասին մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով՝ եղանակի կայունացում առաջիկա օրերին չի սպասվում:
«Այսօր հերթական հզոր ցիկլոնը կմոտենա, որը կգործի մինչեւ մարտի 25-ը ներառյալ: Տեղումները երեկոյան կվերսկսվեն: Բոլոր շրջաններում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ ձյան տեսքով: Վաղը նույնպես տեղումներ կլինեն: Սա հատկապես վերաբերում է երկրի կենտրոնական շրջաններին (Արագածոտն, Կոտայք): Մարտի 26-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ մարտի 27-ին կվերսկսվեն: Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով: Ձյուն կտեղա Լոռիում, Տավուշում, երկրի բոլոր լեռնային եւ նախալեռնային շրջաններում: Անձրեւ կլինի միայն միայն հարթավայրերում»,-ասաց նա:
Սուրենյանը պարզաբանեց, որ եղանակը, հնարավոր է, պարզվի միայն մարտի 28-ից, այն էլ՝ 2-3 օրով, կուղեկցվի գիշերը օդի ջերմաստիճանի անկմամբ: Չի բացառվում, որ Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կարող է իջնել նույնիսկ մինչեւ -1 -2 աստիճան:
«Օդի ջերմաստիճանը ապրիլին կլիմայական նորմայից ցածր կլինի 1 աստիճանով, կամ տեղ-տեղ` կլիմայական նորմայի սահմաններում: Տեղումները կլինեն նորմայից բարձր: Սա մայիսից հետո կլինի խոնավությամբ երկրորդ ամիսը:
Նման եղանակային պայմանները ձմռանը եւ հիմա բարենպաստ են գյուղատնտեսության համար: Անցած տարվա համեմատ ցրտահարության ռիսկը մի փոքր ավելի բարձր է, քան նախորդ տարի, բայց պարտադիր չէ, որ դա լինի: Նման սպառնալիքի դեպքում մենք կնախազգուշացնենք բնակչությանը:
Արարատյան դաշտում արդեն ծիրանի ծաղկում է նկատվել, իսկ մինչեւ մարտի 25-ը գործընթացն արդեն զանգվածային բնույթ կկրի»,-հավելեց Սուրենյանը:
Նա հիշեցրեց, որ հունվարին օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի եւ նախալեռնային հատվածների, երկրի ողջ տարածքում նորմայից բարձր է եղել:
«Արարատյան դաշտում եւ նախալեռնային հատվածներում, այդ թվում նաեւ Երեւանում օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում է եղել: Տեղումների քանակը նույնպես գտնվել է նորմայի սահմաններում: Փետրվարը շատ տաք էր. երկրի ողջ տարածքում օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր էր 4-5 աստիճանով: Տեղումների քանակը մոտ էր նորմային եւ նորմայից բարձր: Օրեր կային, երբ օդի ջերմաստիճանի ցուցանիշը գերազանցում էր նախկինում գրանցված ցուցանիշները»,-եզրափակեց Սուրենյանը: