«Արարատ-Արմենիան» արձագանքել է «Լոռիի» որոշմանը
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Վանաձորի «Լոռիի»՝ ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում ելույթները դադադեցնելու որոշմանը:
««Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը խորին ափսոսանքով ընդունեց «Լոռի» ֆուտբոլային ակումբի` VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղարկությունում մրցելույթները դադարեցնելու մասին որոշումը։ Կարևորելով մարզերում ֆուտբոլի զարգացումը՝ հարկ է նշել, որ «Լոռի» ֆուտբոլային ակումբի գործունեության շնորհիվ, վերջին տարիներին Լոռու մարզը մեծ զարգացում է գրանցել ֆուտբոլային ոլորտում։ «Լոռի» ֆուտբոլային ակումբը ձևավորել է երկրպագուների աջակցության գեղեցիկ մշակույթ, որի ականատեսն ենք եղել արտագնա խաղերի ընթացքում: Հուսով ենք, սուբյեկտիվության սահմանափակման արդյունքում, առաջիկայում «Լոռի» ֆուտբոլային ակումբին կրկին կտեսնենք VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ «Լոռիի» նախագահ, ՀՖՖ գործադիր կոմիտեի նախկին անդամ Թովմաս Գրիգորյանը հայտարարել էր, որ Վանաձորի թիմը դադարեցնում է ելույթները ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում:
Հիշեցնենք, որ «Լոռին» մարտի 16-ին բոյկոտել էր Երևանի «Արարատի» դեմ ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի հանդիպումը: Երևանի «Հանրապետական» ստադիոնում մեկնարկած խաղում «Լոռիի» ֆուտբոլիստները մրցավարի՝ խաղի մեկնարկն ազդարարող սուլիչից սուլիչից հետո լքեցին խաղադաշտը: Հանդիպումը չկայացավ, իսկ Վանաձորի թիմին ավելի ուշ գրանցվեց տեխնիկական պարտություն։