Ապրիլի 1-ից ՊԵԿ փոստային բաժանմունքը կգործի շաբաթը 6 օր` ժամը 09։00-21։00-ն
Պետական եկամուտների կոմիտեն, Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման միտումներին համահունչ, երեք նորույթ է պատրաստել քաղաքացիների և տնտեսվարողների համար: Ապրիլի 1-ից քաղաքացիները ծանրոցը ստանալու համար իրենց հարմար ժամ ընտրելու ավելի լայն հնարավորություն կունենան։ Արևմտյան մաքսատուն-վարչության բացթողման բաժնի 3-րդ (փոստային) բաժանմունքը, որը տեղակայված է «Հայփոստ» ՓԲԸ փոստի փոխանակման կենտրոնում, ապրիլի 1-ից գործելու է երկուշաբթիից շաբաթ օրերին` ժամը 09։00-21։00-ն: Մինչ այդ բաժանմունքը գործում է շաբաթվա 5 աշխատանքային օրերին` առավոտյան 09:00-18:00-ն, իսկ շաբաթ օրերին հերթապահություն է իրականացվում 10:00-13:00-ն:
«Նոր ծանրաբեռնվածությամբ աշխատելու համար փոստային բաժանմունքը համալրվել է մաքսային ձևակերպում և բացթողում իրականացնող աշխատակիցներով: Եթե մինչև փոփոխությունը բաժանմունքն օրական սպասարկել է 40-50 քաղաքացի, ապա աշխատաժամերի ավելացումից հետո օրվա ընթացքում ավելի շատ մարդ կկարողանա իր ծանրոցն ստանալ»,-նշում է Արևմտյան մաքսատուն-վարչության պետ Գարիկ Մինասյանը։
Մյուս փոփոխությունն առնչվում է փոխադրող կազմակերպություններին: Ապրիլի 1-ից նույնիսկ գիշերը ժամանած առաքանիների զննումը կատարվելու է նույն պահին: ««Կարգո» բեռնային համալիրի տարածքում Արևմտյան մաքսատուն-վարչությունը փոխադրող կազմակերպությունների կողմից տեղափոխվող ապրանքների և ծանրոցների նկատմամբ հսկողությունը կիրականացնի 24-ժամյա ռեժիմով` պահպանելով այդ հսկողության անընդհատությունը»,-տեղեկացնում է Գարիկ Մինասյանը:
Տնտեսվարողների հարմարավետության համար է նաև հետևյալ փոփոխությունը. մաքսային բոլոր գործընթացները` ներմուծվող բեռի համար ապրանքային հայտարարագրի փաստաթղթային հսկողությունը, նաև վճարների գանձումն ու բացթողումը, ամբողջությամբ կիրականացվեն մեկ կետում` «Հայփոստի» փոստի փոխանակման կենտրոնում: Տնտեսվարողին կմնա միայն առաքանին ստանալ «Կարգո» բեռնային համալիրում:
Մանրամասն` տեսանյութում: