Չինական հինգ ընկերություն ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնող է ճանաչվել
Հաղորդակցման դաշնային հանձնաժողովն (FCC) ուրբաթ հինգ չինական ընկերություն որպես ազգային անվտանգության համար սպառնալիքներ ներկայացնող է ճանաչել 2019-ի օրենքի համաձայն, որն ուղղված է ամերիկյան հաղորդակցական ցանցերի պաշտպանությանը, հաղորդում է Reuters-ը:
Հանձնաժողովը հայտարարել է, որ նշված ընկերությունների թվում են Huawei Technologies-ը, ZTE-ն, Hytera Communications Corp-ը, Hangzhou Hikvision Digital Technology-ն եւ Zhejiang Dahua Technology-ն:
2019 թվականի օրենքը FCC-ից պահանջում է որոշել հեռահաղորդակցական սարքավորումներ եւ ծառայություններ արտադրող ընկերություններին, «որոնք անընդունելի վտանգ ներկայացնող են ճանաչվել ԱՄՆ ազգային անվտանգության համար»:
Հայտարարության մեջ Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ջեսիկա Ռոզենվորթլը նշում է. «Այս ցուցակը բովանդակալից ուղեցույց է, որը կապահովի, որպեսզի երկրի ողջ տարածքում նոր սերնդի ցանցեր կառուցելիս անցյալի սխալները չկրկնվեն կամ չօգտագործվեն սարքավորումներ կամ ծառայություններ, որոնք սպառնալիք կներկայացնեն Միացյալ Նահանգների ազգային անվտանգության կամ ամերիկացիների անվտանգության եւ պաշտպանվածության համար»:
2019-ի օրենքում օգտագործվել են Պաշտպանական թույլտվության օրինագծի չափանիշները, որոնք ավելի վաղ որոշել էին հինգ չինական ընկերությունները: 2020-ի օգոստոսին ԱՄՆ կառավարությունը կանոններ թողարկեց, որոնք հաստատություններին արգելում են ապրանք կամ ծառայություն գնել չինական հինգ ընկերություններից որեւէ մեկից: 2019-ին ԱՄՆ-ն իր տնտեսական սեւ ցուցակում ավելացրեց Huawei, Hikvision եւ այլ ընկերություններին: