«Սկեսուրներին պետք է զրկել տատական իրավունքներից ու հոգեբուժական զննման ենթարկել» . Լյուսի Քոչարյան
ОбществоՍկեսուրների հետ կապված խնդիրներն սկսում են պատուհասության նմանվել: Անհավանական դեպքեր ու իրավիճակներ՝ առօրյայում ու սոցցանցային տիրույթում: Ամեն օր: Այս բողոքն աչքովս ընկավ լրիվ պատահաբար: Ուղղակիորեն մեջբերում եմ.
«...Նորածին երեխա ունեմ՝ 30 օրական, ու արդեն 30 օր է՝ սկեսուրս մի րոպե երեխայից հեռու չի գնում: Լույսը բացվում է՝ իմ սենյակում է: Ամբողջ օրն ուզում է սիրել երեխային:
Նույնիսկ շատ ժամանակ չի թողնում կերակրեմ: Ասում է՝ սոված չէ, ու լացեցնելով, օրորելով ձեռքի վրա՝ քնեցնում է: Քանի որ փոքրիկ է ու սոված, 15 րոպեից նորից զարթնում է: Նորից բժժեցնում-քնեցնում է, մինչեւ որ սկսում է շատ բարձր գոռալ, նոր տալիս է ինձ, ասում է՝ սոված է, կերակրիր: Կիսակերակրած՝ էլի գալիս է, ձեռքիցս վերցնում, սկսում ձեռքի վրա օրորելով՝ քնեցնել: Ինձ այս վիճակը դեպրեսիայի մեջ է գցում: Ինձ մեկ-մեկ թվում է՝ երեխա չունեմ: Նույնիսկ որ երեխային սենյակից տանում է, լացում եմ»:
Ասել, որ նման սկեսուրներին պետք է զրկել տատական իրավունքներից ու հոգեբուժական զննման ենթարկել, նշանակում է ոչինչ չասել: Սա դեռ թեթեւ դիպվածներից է: Օրինաչափ են նաեւ սեփական անունն ստիպողաբար նորածնի ու նոր ծննդաբերած հարսի գլխին փաթաթելը, նորածին երեխային հարսի կրծքից կտրելն ու սեփական ծոց տանելը, 4 ամսականից միանձնյա սննդակարգ որոշելը՝ առանց հարսին հաշվի առնելու: Եվ այսպես՝ անվերջ ու շարունակ:
Սկեսուրների վարքն անտանելի է. ինչո՞ւ է այդպես:
Հավանական պատճառներն այնքան օրինաչափ են մեր հասարակությունում, որ հանգիստ կարելի է սահմանել ու խմբավորել: Գտեք ձեր սկեսուրին ստորեւ բերված ցուցակում:
Պատճառ 1: Ներկայի սկեսուրը նախկին հարսն է: Հետույքային են վարվել իր հետ, ավելի նստատեղային է վերաբերվում ինքն իր հարսի հետ:
Պատճառ 2: Սկեսուրը պարապ է: Ամբողջ օրը տանն է: Տնային գործերը, հարեւանների հետ սրճելն ու սերիալ նայելն ինքնառեալիզացնող, հանրօգուտ աշխատանք հնարավոր չէ համարել:
Պատճառ 3: Սկեսուրը չունի անձնական եւ ինտիմ կյանք: Ըստ այդմ, նա ռեալիզացված չէ որպես կին, վերածվել է անսեռ էակի՝ նույնիսկ արտաքինով: Ունի ամուսին, որի հետ ապրում է հարեւանի նման, չունի սեռական կյանք: Իսկ եթե չունի ամուսին, դա ավելի է բարդացնում իրավիճակը:
Պատճառ 4: Սկեսուրը հիվանդագին պաշտամունք է տածում որդու նկատմամբ: Որդու կնոջը դիտարկում է որպես սուրոգատ մայր, իսկ թոռանը՝ սեփական երեխա, որին կարող է պահել ու վերաբերվել, ինչպես խելքին փչի:
Պատճառ 5: Սկեսուրը գիտունիկ է. նա ամեն ինչ գիտի, բա-ցար-ձա-կա-պես ամեն ինչ: Մեծ ռիսկի խմբի մեջ են բժիշկ, հոգեբան, գիտնական, դասախոս, ուսուցիչ մասնագիտություններն ունեցող սկեսուրները: Նրանց հնարավոր չէ որեւէ բան համոզել կամ բացատրել: Նրանք կանխավ եւ ապրիորի ամեն ինչ գիտեն:
Պատճառ 6: Սկեսուրը բազմազավակ մայր է: Նա առաջնորդվում է իր համար միակ ճշմարտացի նշանաբանով. «Ես 4 երեխա եմ մեծացրել, այնպես, որ ինձ կլսես»:
Եթե որեւէ մի կետով գտաք ձեր սկեսուրին այստեղ, ապա ուրախացեք, որ այդ կետը միայն մեկն է, ու դուք չունեք, օրինակ, ամուսնալուծված բժիշկ-դասախոս սկեսուր, որը 4 երեխա է մեծացրել: Եթե ձեզ թվաց, որ մեղադրյալի որակում եմ տալու սկեսուրներին, ապա պետք է հիասթափեցնեմ: Եկեք համակերպվենք, որ «սկեսուր» կատեգորիան անդառնալիորեն կարծր է: Ուշ է փորձել նրանց փոխել. նրանք մեծ են տարիքով, անփոխելի՝ հոգեբանորեն ու անդրդվելի՝ իրենց սկզբունքներում ու բարդույթներում:
Խորքային լուծումն աղջիկ երեխաների մայրերի մեջ է:
Այստեղ ամեն ինչ ավելի քան պարզ է: Հասարակությունում չենք ունենա մազոխիստ ու ինֆանտիլ հարսներ, եթե նրանց մայրերը վաղ մանկուց չներմուծեն «սկեսուրիդ լսող կլինես, չհակաճառես, մի բան ասի՝ գլուխդ կախ կանես, տան մեծն է, իսկ մեծին պետք է ենթարկվել» ցնդաբանական մտքերը:
Տեղային լուծումը «հարս» կատեգորիայի մեջ է:
Շարունակությունը՝ այստեղ