Մուշ թաղամասում ապրիլի 24֊ին փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կապված միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ. Գոռ Աբրահամյան
Երևան քաղաքի Մուշ թաղամասում ապրիլի 24֊ի երեկոյան փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կապված միջադեպի առթիվ, դատախազի հանձնարարությամբ երեկ Ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258֊րդ հոդվածի 3֊րդ մասի հատկանիշներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ նախնական քննության շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական, այլ դատավարական և օպերատիվ֊ հետախուզական գործողություններ։
«Նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, հստակեցված են տուժողների, միջադեպին մասնակից, առերևույթ հանցավոր արարքներ կատարած անձանց հիմնական շրջանակը, միջոցներ են ձեռնարկվում վերջիններիցս մի քանիսին հայտնաբերելու ուղղությամբ։ Հետագա լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները, ստուգման առարկա են բոլոր հնարավոր շարժառիթները»,-հայտնել է Աբրահամյանը և հավելել, որ քննության ընթացքի և արդյունքների մասին հընթացս թույլատրելիության սահմաններում կտրվի համապատասխան տեղեկատվություն։