Մալխաս Ամոյանը՝ Կիևի մրցաշարի հաղթող, Կարապետ Չալյանն՝ արծաթե մեդալակիր
Спорт2018թ. աշխարհի ու 2019թ. Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը (72 կգ) նվաճեց Կիևում անցկացվող միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը:
Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, վրացի Շմագի Բոլկվաձեի հետ և հաղթեց ժամանակից շուտ՝ 9:1:
Եզրափակիչում չկարողացավ հաղթել Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Կարապետ Չալյանը, որը հանդես եկավ 82 կգ քաշային կարգում։ Գյումրեցի ըմբիշը 3:5 հաշվով պարտվեց վրացի Այվենգո Ռիկաձեին: Նախօրեին նա տարել էր 3 հաղթանակ:
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) կիսաեզրափակիչում կրած անակնկալ պարտությունից հետո վնասածքի պատճառով հրաժարվել է մասնակցել բրոնզե մեդալի համար գոտեմարտին: