Ֆրանսիան հայտարարում է, որ չի միանա միջուկային զենքի արգելման մասին պայմանագրին
Ֆրանսիան չի միանա միջուկային զենքի արգելման մասին պայմանագրին, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը:
«Ֆրանսիան չի մասնակցել միջուկային զենքի արգելման մասին պայմանագրի շուրջ քննարկումներին։ Ֆրանսիան այդ պայմանագրի մաս չի կազմում և չի միանա դրան։ Այսպիսով, այդ պայմանագիրը մեզ համար ոչ մի իրավաբանական պարտավորություն չունի»,- ասել է Լը Դրիանը՝ պատասխանելով Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հարցերին։
Նախարարը նշել է, որ դա Ֆրանսիայի մշտական դիրքորոշումն է, որը կիսում են նրա առանցքային միջազգային գործընկերները: Արտաքին գործերի նախարարի խոսքերով՝ պայմանագիրը անվտանգության համար ոչ մի օգուտ չի բերում՝ կապված միջուկային զենքի տարածման հետ կապված ռիսկերի հետ:
Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մասնակիցն է, որն ուժի մեջ է մտել 1970 թվականին:
Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրն ուժի մեջ է մտել հունվարի 22-ին: Դա իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային համաձայնագիր է, որն արգելում է միջուկային զենքի մշակումը, փորձարկումը, պահպանումը, ձեռքբերումը, փոխադրումը և օգտագործումը: Այն ստորագրել է 86 պետություն և վավերացրել 51 երկիր։
«Միջուկային ակումբի» պետությունները ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը 2018 թվականին հայտարարել են, որ չեն ստորագրի պայմանագիրը: Նրանց կարծիքով ՝ այն հաշվի չի առնում այն առանցքային խնդիրները, որոնք պետք է լուծվեն գլոբալ մասշտաբով կայուն միջուկային զինաթափման հասնելու համար, և հակասում է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, ինչը կարող է է՛լ ավելի բարդացնել զինաթափման ոլորտում հետագա առաջընթացը: