Նիկոլ Փաշինյանին կա՛մ խաբում են, ենթարկում շանտաժի և ստիպում ստորագրել փաստաթղթեր, կա՛մ այս սցենարը նրան ձեռնտու է. Արտակ Թովմասյան
Հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված է եռակողմ՝ Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում: Դեռևս հայ ժողովրդին պատշաճ չի ներկայացվել և չի քննարկվել հանդիպման օրակարգը:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը կապ հաստատեց «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանի հետ, որը վերջերս հայտարարեց քաղաքական նոր ուժի ձևավորման մասին:
Արտակ Թովմասյանին հարցրինք՝ ի՞նչ տեղեկություններ ունի նա, ի՞նչ հարցեր են դրված բանակցային սեղանին. «Այդ բանակցությունների ընթացքում քննարկվող բազմաթիվ հարցերից կարելի է, հատկապես, առանձնացել երկուսը: Առաջինը գերիների վերադարձի հարցն է, որն արդեն իսկ պետք է լուծված լիներ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, սակայն Նիկոլ Փաշինյանին ևս մեկ անգամ խաբել են, վերադարձը ձգձգում են ու նոր պայման են նրա առջև դրել։ Իսկ երկրորդ հարցը Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան հատվածին կապող ճանապարհի բացումն է: Նկատենք, որ Հայաստանի տարածքով «միջանցք» տրամադրելը նշանակում է իրագործել թուրքական եղբայրական պետությունների պատմական երազանքը, որը ոչ այլ ինչ է, քան պանթյուրքիզմի քաղաքականության հաղթանակ տարածաշրջանում․ Ադրբեջանը ստանում է ցամաքային կապ Թուրքիայի հետ, իսկ Թուրքիան, իր հերթին, իրագործում է մինչև Չինաստան ճանապարհ բացելու իր ծրագիրը: Այս հարցը քննարկվում է նոյեմբերի 9-ին կնքված փաստաթղթի 9-րդ կետի համաձայն, ըստ որի` ՀՀ-ն ապահովում է Ադրբեջանի հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկությունը։ Վերահսկողությունն իրականացնում են ռուս խաղաղապահները»:
Արտակ Թովմասյանին հարցրինք նաև՝ արդյո՞ք այս ճանապարհի բացումը տարածաշրջանում կակտիվացնի տնտեսությունը, որքանո՞վ է այն ձեռնտու Հայաստանին։ Վերջինս ասաց, որ բանակցություններում Հայաստանի կարծիքն ու շահերն առաջ տանող չկա։ Այս ճանապարհի բացումը արվում է միայն պատերազմով պարտադրված և ոչ թե նախապես պլանավորված ձևաչափով. «Լինելով քաջատեղյակ՝ ևս մեկ անգամ վերահաստատում եմ իմ խոսքը` Նիկոլ Փաշինյանն անկարող է տանել այս բանակցությունները՝ հօգուտ ՀՀ-ի։ Նրան կա՛մ խաբում են, ենթարկում շանտաժի և ստիպում ստորագրել փաստաթղթեր, կա՛մ այս սցենարը նրան ձեռնտու է, ինչն էլ պարզ կդառնա ժամանակի ընթացքում, երբ հաջորդ իշխանությունը արդարադատություն կիրականացնի: Սակայն միանշանակ է, որ այս ամենի ցավալի դրսևորումները մենք կտեսնենք կարճ ժամանակահատվածում»:
Թովմասյանն ասաց նաև, որ բոլոր գերիներին կվերադարձնեն, եթե Փաշինյանը համաձայնի այդ ճանապարհի անարգել բացմանը: Այսինքն՝ գերիների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով` նախորդ պայմանավորվածության հիման վրա, չի իրականացվի, իսկ մյուս հարցերին Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել անդրադառնալ միայն գերիների վերադարձի խոստում ստանալուց հետո, ինչը արդեն իսկ պետք է կատարված լիներ:
«Ցավալի է, որ որոշումներ կայացվում են առանց անգամ Փաշինյանի հետ քննարկման, և նրա ներկայությունը միայն պրոտոկոլային բնույթ է կրում և նրա ստորագրությունը դնելու նպատակն է հետապնդում: Անգամ այս դեպքում Փաշինյանը դեռևս ժողովրդի մոտ փորձում է աշխատանքի իմիտացիա ստեղծել և, օրինակ, գերիների վերադարձը դարձնել «կայացած բանակցությունների ձեռքբերում»,- ասաց Արտակ Թովմասյանը։