Ավելի քան 110 երկրներ աջակցել են համավարակի պատճառները հետաքննելու Ավստրալիայի կոչը
ОбществоԱվելի քան 110 երկրներ աջակցել են աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառների եւ հանգամանքների հետաքննություն անցկացնելու Ավստրալիայի կոչը: Այս մասին հայտնում է The Australian պարբերականը՝ վկայակոչելով երկրի ԱԳ նախարար Մարիս Փեյնին:
Արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է, որ «աշխարհը ցականում է ստանալ ճգնաժամի հանգամանքների վերաբերյալ հարցերի պատասխանները, որին հանգեցրել է համավարակը՝ ապագայում համանման աղետներից խուսափելու համար»: «Մեզ անհրաժեշտ է այն բանի անկախ գնահատականը, ինչը տեղի է ունեցել [բռնկման ժամանակ], ամբողջ աշխարհը կարող էր դասեր քաղել եւ անհրաժեշտ ամեն ինչ ապահովել առողջապահության համաշխարհային համակարգի պաշտպանության համար: Խոսքն առաջին հերթին համագործակցության մասին է հաջորդ համավարակի կանխման եւ մեր քաղաքացիների անվտանգության ապահովման համար»,- ասել է Փեյնը:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը նշել է, որ հետաքննության նպատակը որեւիցե երկրին մեղադրելը չէ: «Մենք պարզապես ցանկանում ենք իմանալ՝ ինչ է տեղի ունեցել, որ դա այլեւս երբեք չկրկնվի: Սա բավականին ազնիվ հարց է՝ ազնիվ մտադրությամբ ու ազնիվ դրդապատճառով»,- ասել է Մորիսոնը:
Կանբերայի առաջարկը սկզբում աջակցել են աշխարհի առանցքային երկրները՝ ներառյալ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Կանադան, Նոր Զելանդիան, Ճապոնիան եւ ԵՄ անդամ բոլոր 27 պետությունները: Ավելի ուշ կոչին միացել են աֆրիկական մի շարք երկրներ, որից հետո հետաքննություն անցկացնելու օգտին հանդես եկող պետությունների ընդհանուր թիվը հասել է 116-ի: Սպասվում է, որ երկրների համապատասխան որոշումը կարտացոլվի 73-րդ Առողջապահության համաշխարհային ասամբլեայի բանաձեւում, որը սկսվելու է երկուշաբթի Ժնեւի ժամանակով կեսօրին: Բանաձեւի նախագծում, մասնավորապես, պահանջ է պարունակվում «ամենամոտ ժամանակում սկսել համավարակի դեմ պայքարում միջազգային միջոցառումների եւ ստեղծված իրավիճակում ԱՀԿ գործողությունների անկողմնակալ, անկախ եւ համընդգրկուն գնահատական տալու փուլային գործընթաց:
Սպասվում է, որ ասամբլեայի նիստի ժամանակ Ավստրալիան ներկայացնելու է երկրի առողջապահության նախարար Գրեգ Հանթը: Բուն հանդիպումն առաջին անգամ կանցկացվի տեսակոնֆերանսի ռեժիմում եւ կտեւի մինչեւ (մայիսի 19-ի) կեսգիշեր: ԱՀԿ գլխավոր համաժողովին մասնակցելու համար հրավիրված են ԱՀԿ անդամ 194 պետությունների առողջապահության նախարարները եւ մի շարք միջազգային կառույցների ներկայացուցիչներ: