«Աստված իմ կյանք բերեց Անիին, ով հարգում և հասկանում է, թե ինչ նշանակություն ունես դու ինձ համար». Լևոն Արոնյանի և սիրելիի՝ Անիտայի գրառումները՝ Արիանա Կաոլիի 34-ամյակի առթիվ
Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի երջանկահիշատակ կինը՝ Արիանա Կաոլին, այսօր կդառնար 34 տարեկան։ Մարտին նա մահացավ ավտովթարի հետևանքով: Արոնյանը գրառում է արել Արիանայի տարեդարձի առթիվ։
«Տարիներ շարունակ այս օրը մի օր էր, որին ես այնքան անհամբեր էի սպասում՝ տեսնելու Արիանայի ժպիտը, լսելու, թե ինչպես է նա ուրախ ասում՝ «այսօր իմ ծննդյան օրն է», տեսնելու՝ ինչպես է նա բացում նվերներն ու այս օրը հատուկ դարձնում իր համար: Վերջին տարիներին ես գրեթե չեմ նշել իմ ծննդյան օրը. մրցաշարեր, մարզումներ, ինձ համար դա մեծ նշանակություն չի ունեցել: Այսպիսով, մենք միշտ մեծ տոնակատարություն էինք կազմակերպում դեկտեմբերի վերջին ՝ սկսելով Արիանայի ծննդյան օրվանից, և միշտ զգում էի, որ այդ օրը նաև իմ ծննդյան օրն է:
Ցավում եմ, որ նա այստեղ չէ, որ զգուշորեն բացի իր նվերներն ու հուզվի:
Սիրելի Արիանա, ես օրհնված եմ, որ Աստված իմ կյանք բերեց Անիին, ով հարգում և հասկանում է, թե ինչ նշանակություն ունես դու ինձ համար: Մենք միշտ կհիշենք քեզ քո լավ գործերով»,- գրել է Լևոնը:
Ֆեյսբուքյան գրառմամբ է հանդես եկել նաև Լևոն Արոնյանի սիրելին՝ Անիտա Այվազյանը:
«Այսօր Արիանայի ծննդյան օրն է: Սիրելի Արի, ես շնորհակալ եմ քեզ, որ այսքան տարի երջանկացրել ես Լևոնին ու բոլոր դժվարին պահերին եղել ես իր կողքին: Շնորհակալ եմ, որ եղել ես նրա համար լույս և ապրելու ուժ ես տվել նրան: Կարծում եմ՝ պատահականություն չէր այն, որ ես էլ հանդիպեցի Լևոնին իր ամենադժվարին պահին: Ես հավատում եմ ճակատագրին, հավատում եմ Աստծո գոյությանը: Ես ողջ սրտով հավատում եմ, որ հենց դու ես ուղարկել ինձ Լևոնին և վստահել նրան ինձ: Խոստանում եմ շարունակել ուժ տալ նրան և դարձնել իրեն ամենաերջանիկ տղամարդը: Կարծում եմ՝ սա հենց այն է, ինչ կարող եմ անել քո հոգու հանգստության համար և այն, ինչ դու ամենաշատը կցանկանայիր: Դու միշտ կմնաս բոլորիս սրտերում: Ննջիր խաղաղությամբ»,- գրել է Անիտան։
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանն իր և Անիտայի հարաբերությունների մասին հայտնել էր օգոստոսին: Նա գրառում էր արել՝ նշելով, որ Արիանայի մահվանից հետո նոր սեր է գտել: