Մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը
CultureԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 15-ը Երևանում կանցկացնի Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնը։ Այն կհամախմբի միջազգային ճանաչում ունեցող մենակատարների, երաժշտական կոլեկտիվների և երիտասարդ կատարողների։
Փառատոնի մեկնարկին ընդառաջ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և փառատոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդես են եկել մամուլի ասուլիսով։
Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2027 թ․-ին կդիտարկվի որպես պետական ներդրումային ծրագիր
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանն անդրադարձել է փառատոնի զարգացման ընթացքին, ռազմավարական նշանակությանն ու առաջիկա ծրագրերին։ Նախարարի տեղակալը նկատել է, որ 13 տարի առաջ ընդամենը մի քանի էջանոց ծրագրով մեկնարկած փառատոնն այսօր վերածվել է 20-օրյա մասշտաբային մշակութային իրադարձության։
«Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2027 թվականին կներառվի ներդրումային ծրագրերի փաթեթում։ Սա նշանակում է, որ պետության կողմից փառատոնն այլևս դիտարկվում է ոչ թե պարզապես որպես սուբսիդիա ստացող և ծրագրեր իրականացնող կառույց, այլև ներդրումային ծրագիր։ Ֆինանսավորման էական բարձրացումը ենթադրում է, որ փառատոնի ներկայությունը կարող է շոշափելի տնտեսական շարժ ապահովել։ Փառատոնի ղեկավարությունը խորքային ուսումնասիրություն է կատարել և ներկայացրել հնգամյա տնտեսական հաշվարկ՝ ցույց տալով, թե պետական ֆինանսավորումն ինչ տնտեսական արդյունավետություն կունենա տարիների ընթացքում։ Վստահաբար կարող եմ ասել, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը եզակիներից է, որը պետությանը ներկայացնում է հավակնոտ ծրագիր՝ ստանձնելով հստակ պարտավորություններ և խոստանալով կոնկրետ ցուցանիշներ»,- նշել է Տիգրան Վիրաբյանը և շեշտել, որ մշակույթի տնտեսականացման տեսանկյունից սա խիստ ողջունելի նախաձեռնություն է։
Նրա խոսքով՝ պետությունը վստահում է կազմակերպիչներին և փառատոնի հենասյունը հանդիսացող Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, քանի որ ներկայացված հաշվարկներն իրատեսական են։ Այս մոդելն ընդօրինակելի է նաև այլ փառատոների համար, որոնք կկարողանան հստակ հաշվարկներով հիմնավորել պետական բյուջե միջոցների վերադարձելիությունը։
Պեկինում կայացած Խաչատրյանի անվան մրցույթից ստացած տպավորությունների մասին
Խոսելով փառատոնի միջազգային հաջողությունների մասին՝ Տիգրան Վիրաբյանը կիսվել է Պեկինում կայացած Խաչատրյանի անվան մրցույթից ստացած իր տպավորություններով.
«Մեծ հպարտություն է տեսնել, թե ինչպես է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկում ստեղծում տարվա կարևորագույն մշակութային իրադարձություններից մեկը, իսկ հազարավոր օտարազգի երեխաներ ու նրանց ընտանիքներ ամիսներ շարունակ ապրում են խաչատրյանական երաժշտությամբ։ Փառատոնն ու նվագախումբը դուրս են եկել ավանդական սահմաններից՝ լուրջ հայտ ներկայացնելով միջազգային շուկայում և Հայաստանը դիրքավորելով որպես ակադեմիական երաժշտության կենտրոն»։
Տիգրան Վիրաբյանը շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին և գեղարվեստական ղեկավար, մաեստրո Սերգեյ Սմբատյանին՝ այս մասշտաբային նախաձեռնությունը ստանձնելու և առաջնորդելու համար։ Նա վստահություն է հայտնել, որ բարձրացված բոլոր հարցերի վերջնական կարգավորումից հետո 2027 թվականին փառատոնը կներկայանա ընդլայնված ձևաչափով։
Խաչատրյանի 14-րդ միջազգային փառատոնը՝ նոր ձևաչափով և միջազգային լայն հեռարձակմամբ
Փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ներկայացրել է Խաչատրյանի 14-րդ միջազգային փառատոնի առանձնահատկություններն ու նորարարական ծրագիրը։
Փառատոնն այս տարի ներկայանում է նոր՝ 20-օրյա ձևաչափով՝ մշակութային բազմազանությամբ, գեղարվեստական նոր շեշտադրումներով և արվեստի տարբեր դրսևորումների յուրահատուկ համադրությամբ։
Մինչև դեկտեմբերի 15-ը Երևանում կկազմակերպվեն ամենօրյա համերգներ
Սերգեյ Սմբատյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել, որ այս տարի փառատոնը հանդես է գալիս իսկապես միջազգային և համարձակ ձևաչափով։ Մինչև դեկտեմբերի 15-ը Երևանում կկազմակերպվեն ամենօրյա համերգներ, ինչպես նաև կրթական և կամերային միջոցառումներ՝ համաշխարհային ճանաչում ունեցող մենակատարների մասնակցությամբ։
Փառատոնը կմեկնարկի բացառիկ նախագծով. երկու-երեք օրվա ընթացքում կհնչեն Սերգեյ Ռախմանինովի բոլոր դաշնամուրային կոնցերտները՝ տաղանդավոր դաշնակահար Եվա Գևորգյանի փայլուն կատարմամբ։ Անդրադառնալով պետական աջակցությանն ու Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի աշխարհագրության ընդլայնմանը (այդ թվում՝ Պեկինում անցկացվող փուլին)՝ Սերգեյ Սմբատյանը կարևորել է Խաչատրյանի կերպարի միավորող դերը։
Հետևեք մեզ՝ այստեղ