«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձը
SocityՀավերժ հիշատակ գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովին
Խոր ցավով տեղեկացա գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովի մահվան մասին։
Կյանքից հեռացավ մի մարդ, ով իր կյանքը նվիրել էր զինվորական ծառայությանը, մարդ, որի անունն իր ուրույն տեղն ունի Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման պատմության մեջ։
Անցնելով խորհրդային սպայական դպրոցը՝ գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, զբաղեցնելով բարձր և պատասխանատու զինվորական պաշտոններ։ Հետագայում՝ 1988 թվականից, նա անմիջական մասնակցություն է ունեցել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստեղծման և կազմավորման գործընթացին՝ կանգնած լինելով ազգային բանակի կայացման ակունքներում։ Երկար տարիներ ղեկավարել է Գլխավոր շտաբի օպերատիվ վարչությունը, այնուհետև զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր գլխավոր ռազմական տեսչության պետի առաջին տեղակալի պաշտոնը։
Գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովի ռազմական փորձը, գիտելիքները, պատասխանատվությունն ու զինվորական պարտքին նվիրվածությունը դարձան այն սերնդի պատմության մի մասը, որին վիճակված էր բարդ առաքելություն՝ ստեղծել և ամրապնդել ազգային զինված ուժերը։
Նման մարդկանց հեռանալը ոչ միայն ծանր կորուստ է հարազատների ու մտերիմների համար, այլև մեծ կորուստ ողջ զինվորական համայնքի, նրա հետ ծառայած, աշխատած և հայկական բանակի կայացման դժվարին ճանապարհն անցած մարդկանց համար։
Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովի հարազատներին, մտերիմներին, ծառայակիցներին և մարտական ընկերներին։
Գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովի անունն ու վաստակը հավերժ կմնա հայկական բանակի պատմության մեջ և նրա հետ ծանոթ ու միասին ծառայած մարդկանց հիշողություններում։