Պուտինի արձագանքը Բայդենի հաղթանակին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ջոզեֆ Բայդենին հեռագիր է ուղարկել՝ շնորհավորելով ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Կրեմլի մամլո քարտուղարությունը:
«Հեռագրում Պուտինն ընտրված նախագահին հաջողություններ է մաղթել և համոզմունք հայտնել, որ գլոբալ անվտանգության և կայունության համար հատուկ պատասխանատվություն կրող Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, չնայած տարաձայնություններին, կարող են իսկապես նպաստել բազմաթիվ խնդիրների և մարտահրավերների լուծմանը, որոնց այժմ բախվում է աշխարհը»,- նշված է մամլո քարտուղարության հաղորդագրության մեջ:
Պուտինը նաև նշել է, որ իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա հիմնված ռուս-ամերիկյան համագործակցությունը շահավետ կլինի երկու երկրների և միջազգային հանրության համար:
«Իմ կողմից, ես պատրաստ եմ Ձեզ հետ փոխգործակցության և շփումների»,- շեշտել է Ռուսաստանի նախագահը Բայդենին ուղղված հեռագրում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
Ավելին