Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան
PoliticsԺողովուրդ ջան, մենք վերջապես պետք է հասկանանք, որ մեր հարևան պետությունների հետ մենք պետք է կողք կողքի ապրենք։ Եվ հնարավորության դեպքում նաև պետք է խաղաղ ապրենք և փորձենք նաև ապրել գոնե որպես բարիդրացիական հարևաններ։ Եվ եթե ստացվի, նաև փորձենք բարեկամություն անել։
Մեր հարևանները օգտվում են մեր գեոպոլիտիկ սխալներից և փորձում են մեր հաշվին ավելի հզոր և բարեկեցիկ պետություններ կառուցել։
Մեր հարևանների ամբիցիաները մեր պետության, ժողովրդի և մեր տարածքների նկատմամբ ձևավորվում են մեր գեոպոլիտիկ քաղաքականության արդյունքում։
Մեր խնդիրը իրականում ոչ թե Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի կամ Վրաստանի հետ է, այլ մեր խնդիրը այն է, որ ստեղծված գեոպոլիտիկ իրավիճակում անհնար է երկու լարի վրա խաղալ, առավել ևս գնալ դեպի Արևմուտք։
Եթե Հայաստանը հրաժարվի Արևմուտք գնալու և երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունից, ապա Ռուսաստանի առաջարկած երեք պլյուս երեք ձևաչափով, այսինքն՝ ռեգիոնալ խաղացողներով ռեգիոնալ խնդիրները լուծելու բանաձևով, մենք կլուծենք մեր անվտանգության խնդիրը և հանգիստ կապրենք մեր հարևանների հետ կողք կողքի։
Հակառակ պարագայում անընդհատ մեր հարևանները օգտագործելու են մեր գեոպոլիտիկ, այսինքն՝ Արևմուտք գնալու, իսկ այսօր նաև երկու լարի վրա խաղալու քաղաքականությունը և առաջ են մղելու իրենց ամբիցիաները։
Ուզում եմ ասել՝ մենք Ադրբեջանի բոլոր պահանջները եթե կատարենք, բայց միևնույնն է շարունակենք երկու լարի վրա խաղալ կամ առավել ևս շարժվել դեպի Արևմուտք, միևնույնն է Ադրբեջանը անընդհատ նոր պահանջներ է առաջ քաշելու և արդյունքում խնդիրը դնելու է հասնելու իր նպատակին, այսինքն՝ Հայաստանը վերածելու Արևմտյան Ադրբեջանի։
Սա մի իրավիճակ է, երբ մենք պետք է հստակ գիտակցենք, որ մեր բոլոր պրոբլեմները երկու լարի վրա խաղալու և Արևմուտք գնալու պատճառով են առաջանում։
Եվ սա նշանակում է, որ մեր քաղաքական բոլոր ուժերը պետք է իրենց համար հասկանան՝ եթե ուզում են Հայաստանի Երրորդ Հանրապետությունը լինի, ապա պետք է հրաժարվել երկու լարի վրա խաղալու և Արևմուտք գնալու ծրագրերից ու կանգնել Ռուսաստանի կողքին, նրա օգնությամբ ձևավորել մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը։
Իսկ եթե նրանք ևս ցանկանում են երկու լարի վրա խաղալ կամ ցանկանում են գնալ Արևմուտք, ապա պետք է հստակորեն հայտարարեն, որ իրենք ընդդիմություն չեն, կիսում են գործող իշխանության երկու լարի վրա խաղալու և Արևմուտք հնարավորության դեպքում գնալու քաղաքականությունը և կանգնեն իշխանության կողքին՝ ազատելով ընդդիմադիր հարթակը, որպեսզի ձևավորվի նոր ընդդիմություն, որի նպատակն է լինելու հստակ արձանագրել, որ Հայաստանը պետք է հրաժարվի երկու լարի վրա խաղալու քաղաքականությունից։
Հայաստանը պետք է հրաժարվի Արևմուտք գնալու քաղաքականությունից, և Հայաստանի անվտանգության խնդիրը պետք է լուծի երեք պլյուս երեք ձևաչափով։
Սա շատ պարզ է և հասկանալի։ Ես ուղղակի զարմանում եմ, որ մարդիկ փորձում են այս կարևորագույն խնդիրը լուծելու, առաջ քաշելու փոխարեն խոսել ամեն ինչից, բայց ոչնչից։
Փորձում են իրենց էշը առաջ քշել՝ առանց հասկանալու, որ Հայաստանը կանգնած է իսկապես գոյաբանական խնդրի առաջ։
Մենք իսկապես լրջագույն մարտահրավերների առաջ ենք, և այս խնդիրները անտեսել, երկարաձգել, փորձել ժամանակ շահել ուղղակի անհեթեթ է։
Մհեր Ավետիսյան