Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»
Press«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում տիրող իրավիճակը, ռազմաքաղաքական վերջին զարգացումներն ու անվտանգային սպառնալիքները շարունակում են մնալ հանրային մտահոգությունների ու քննարկումների առանցքում: Սահմանային գոտում նկատվող ակտիվությունը, ադրբեջանական կողմի հետախուզական քայլերն ու իշխանությունների վարած «խաղաղության օրակարգի» իրական արդյունավետությունը լուրջ հարցադրումներ են առաջացնում քաղաքական ու ռազմական փորձագիտական շրջանակներում: Ստեղծված իրավիճակի, սահմանային վտանգների և առկա մարտահրավերների շուրջ «Փաստի» հետ զրույցում իր տեսակետներն է ներկայացրել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:
Նա նշեց, որ ցավով է ստիպված խոսել ստեղծված իրավիճակի մասին՝ ահազանգելով, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից մեր սահմանների ուղղությամբ ռազմական գործողություն է պատրաստվում: Նրա փոխանցմամբ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում առավել ակտիվացել են ադրբեջանական հետախուզական խմբերի ներթափանցումները Հայաստանի տարածք:
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի խոսքով՝ այդ խմբերը խնդիր ունեն տեղակայվելու սահմանամերձ գյուղերի դատարկ տներում, որպեսզի հիմնական ուժերի հարձակման պահին դիվերսիոն գործողությունների և ահաբեկման միջոցով ստիպեն բնակչությանը լքել իրենց բնակավայրերը՝ դրանով իսկ փորձելով խուսափել խաղաղ բնակիչների շրջանում զոհեր պատճառելուց: Միաժամանակ, ակտիվացել են անօդաչու թռչող սարքերի ներթափանցումները Սյունիքի մարզում, և, ըստ նրա, մոտ ժամանակներս մենք սահմանային լուրջ իրադարձությունների ականատես կլինենք:
Անդրադառնալով նախորդ ամիս Լաչինում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպմանն ու պաշտոնապես հայտարարված քննարկումներին՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարն ընդգծեց, որ իրականում ադրբեջանական կողմը, զինվորական լեզվով ասած, տեղանքի հետախուզում (ռեկոգնոսցիրովկա) էր իրականացնում այն ուղղություններով, որտեղ նախատեսում է կիրառել իր հիմնական ուժերը:
Գեներալ-մայորը նշեց, որ խոր մտահոգությամբ ու վրդովմունքով է հետևում այն փորձերին, որոնցով հանրությանը համոզում են, թե իբր Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան է բացվել: Նա շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները կեղծ են և անիրագործելի. Հայաստանը Եվրամիության անդամ չի դառնա, Ադրբեջանի հետ խաղաղություն չի լինի, իսկ Թուրքիայի հետ սահմանն էլ չի բացվելու: Խոսելով իշխանությունների ներկայացրած «հակակոռուպցիոն պայքարի» մասին՝ Կարապետյանը դա անվանեց կեղծիք՝ ընդգծելով, որ ոչ լիկվիդային գույքի առգրավումը կամ, օրինակ` նախկին կինոթատրոնի տարածքում կառուցված առևտրի կենտրոնը պետական բյուջեի հաշվեկշիռ տեղափոխելը որևէ աղերս չունեն տնտեսության իրական զարգացման կամ արդարադատության հետ:
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը ահազանգեց, որ նոր պատերազմ է սպասվում, և ադրբեջանական կողմի բոլոր գործողությունները փաստացի համաձայնեցված են Նիկոլ Փաշինյանի հետ: Կարապետյանի համոզմամբ՝ Փաշինյանը հասկանում է, որ եթե ինքնակամ զիջի այդ տարածքները, լուրջ խնդիրներ է ունենալու Իրանի Իսլամական Հանրապետության հետ, իսկ եթե Ադրբեջանը ռազմական ուժով մտնի և վերցնի դրանք, ապա իշխանությունն իր վրայից կհանի պատասխանատվությունը:
Եզրափակելով՝ Արշակ Կարապետյանը նշեց, որ առաջիկայում հստակ փաստեր կներկայացնի, որոնք կվկայեն, որ Հայաստանի տարածքում այսօր էլ գտնվում են ադրբեջանական մի քանի հետախուզական խմբեր: Նա կոչ արեց սթափվել, համախմբվել և պատրաստվել զենքը ձեռքին պաշտպանելու հայրենիքը, քանի որ հակառակ դեպքում կանգնելու ենք պետականությունը կորցնելու վտանգի առջև:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում