Վերջին հայտարարությունների համար Միքայել Համբարձումյանին կանչել են ՀՔԾ. նոր զարգացումներ «Ժողովուրդ»
Press«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը ծանուցագիր է ուղարկել: Ըստ այդմ, Միքայել Համբարձումյանը պետք է դեկտեմբերի 9-ին ներկայանա Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության:
Ըստ էության, ԱԱԾ նախկին տնօրենի ԺՊ-ին հարցաքննության են հրավիրում իր վերջին հայտարարությունների մասով։ Այնպիսի տպավորություն է, որ բոլոր այն պաշտոնյաները, որոնք համարձակվում են ներկայացնել քաղաքական իշխանությունների ձախողումները պատերազմի ընթացքում, հայտնվում են ՀՔԾ-ի տեսադաշտում: Ինչով կավարտվի ԱԱԾ նախկին տնօրենի ԺՊ հարցաքննությունը, եւ կոնկրետ ինչ գործի շրջանակներում են հրավիրել, պարզ չէ։ Թերևս սպասենք զարգացումներին:
Հիշեցնենք, որ Միքայել Համբարձումյանը նոյեմբերի 12-ին՝ իր հրաժարականից չորս օր հետո հայտարարություն տարածեց՝ նշելով, թե Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ՝ հավելելով. «Ձերբակալություններով, խուզարկություններով եւ այլ ռեպրեսիվ միջոցներով Ձեզ ցանկալի, դրական արդյունքի հասնել չեք կարող, եթե հասնեք էլ` դա լինելու է խիստ ժամանակավոր: Երկրում պետք է օր առաջ անցկացնել արտահերթ ընտրություններ, և եթե Դուք վստահ եք, որ Ձեր գործողությունները ճիշտ են եղել, ժողովուրդը պետք է տա իր գնահատականը` ընտրության արդյունքներով»: