Սյունիքի մարզի Արավուս գյուղի հատվածում թշնամին հասավ իր նպատակին. մեր կամավորները նահանջեցին ևս 800 մետր. Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սյունիքի մարզի Արավուս գյուղի հատվածում թշնամին հասավ իր նպատակին. գյուղապետի գլխավորությամբ մեր կամավորները նահանջեցին ևս 800 մետր՝ հակառակորդին զիջելով գյուղի պահուստային ֆոնդի հողերը, ներառյալ անչափ կարևոր բարձունքներ, քանի որ միայնակ էին մնացել ադրբեջանցի զինվորականների և նրանց համար նախընտրելի GPS-ի առջև։ Իսկ ոմանք ամեն ինչի գնով կառչել են իշխանությունից՝ օբյեկտիվ տպավորություն ստեղծելով, որ այդ համառության պատճառը մեր երկրի նկատմամբ թուրքի ունեցած նպատակների ամբողջական կենսագործման հեռանկարն է»:
ԹԱՐՄԱՑՈւՄ։ Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը հերքում է լուրերը, թե մարզի Արավուս գյուղի հատվածում հայկական կողմը ադրբեջանական կողմին տարածքներ է զիջել:
Սյունիքի փոխմարզպետն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«Դեկտեմբերի 6-ին կորպուսի հրամանատարի հետ միասին հանդիպել են ադրբեջանական կողմին և քննարկել բնագծերը: Դրանք որոշակի հետ են բերվել, սակայն Լաչինի վարչական տարածքում: Սյունիքի վարչական տարածքից և Հայաստանի պետական սահմանից անգամ 1 մետր հող չի զիջվել»,- նշեց Բաբայանը:
Նրա խոսքով՝ Արավուսի ինքնապաշտպանական ջոկատը Լաչինի վարչական տարածքից հետ է եկել դեպի ՀՀ պետական սահման:
Իրավաբան.net