«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Politics«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը գրում է.
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության 35-րդ տարեդարձը։
Սակայն այսօր ես չեմ կարող պարզապես շնորհավորել Հայաստանի անկախության տարեդարձը։
Անկախությունը միայն օրացույցի ամսաթիվ չէ։ Անկախությունը պետության՝ սեփական տարածքի, անվտանգության, որոշումների և ապագայի նկատմամբ իրական իշխանությունն ու պատասխանատվությունն է։
Վերջին տարիների ընթացքում Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտվել, ոտնահարվել ու մասնատվել է թշնամի, հայատյաց Ադրբեջանի կողմից, ինչպես նաև նույն Ադրբեջանի կողմից լուրջ հարվածներ են հասցվել Հայոց պետականության անվտանգությանը և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությանը։ Այս իրողության պայմաններում անկախության մասին խոսելն առանց ինքնիշխանության վերականգնման նշանակում է ունենալ անկախության միայն անվանումը՝ զրկված դրա իրական բովանդակությունից։
Ադրբեջանը, հատկապես 2021 թվականի մայիսի 12-ից սկսած, ներխուժել է Հայաստան և խախտել, ոտնահարել ու մասնատել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ նրա անկախությունն ու ինքնիշխանությունը։ Այժմ էլ Ադրբեջանը՝ ցեղասպան Թուրքիայի հետ միասին և օտարերկրյա պետությունների աջակցությամբ, փորձում է ամբողջությամբ ոչնչացնել Հայաստանը։
Չե՛նք թողնելու։
Այսօր մեզ անհրաժեշտ է ոչ թե պարզապես նշել անկախության տարեդարձը, այլ վերաիմաստավորել անկախությունը և վերականգնել դրա իրական բովանդակությունը՝ Հայաստանի ինքնիշխանությունը։
Անկախությունը ինքնիշխանության հիմքն է, իսկ ինքնիշխանությունը՝ այդ անկախությունը իրական ուժով և բովանդակությամբ ապահովելու կարողությունը։
Ինքնիշխանությունը պարզապես անկախության իրավական փաստ չէ։ Այն սեփական պետությունը կառուցելու կարողություն է, ինքնուրույն որոշումներ կայացնելու ազատություն, այդ որոշումների համար պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն և սեփական ապագան սեփական ուժերով կերտելու քաղաքական կամք։
Անկախ և ինքնիշխան Հայաստանը պետք է լինի պետություն, որն ինքն է տնօրինում իր ճակատագիրը և ինքն է կրում իր որոշումների ամբողջ պատասխանատվությունը։
Այդպիսի պետության հիմքում պետք է լինեն՝
իրական և անսակարկելի անկախությունը,
քաղաքական ինքնիշխանությունը,
տարածքային ամբողջականությունն ու սահմանների պաշտպանությունը,
ազգային անվտանգությունն ու պաշտպանունակությունը,
ինքնուրույն արտաքին քաղաքականությունը,
տնտեսական ինքնուրույնությունը,
ուժեղ, արդյունավետ և հաշվետու պետական ինստիտուտները,
քաղաքական կամքն ու պետական մտածողությունը,
սեփական որոշումների համար պատասխանատվություն ստանձնելու կարողությունը,
օրենքի գերակայությունն ու արդարադատությունը։
Սա պարզապես ցանկ չէ։ Սա անկախության և ինքնիշխանության վերականգնման օրակարգ է։
Մենք պետք է կառուցենք այնպիսի Հայաստան, որի անվտանգությունը ուրիշների բարեհաճությունից կախված չէ, որի սահմանները պաշտպանված ու անառիկ են, որի որոշումները կայացվում են Երևանում, որի արտաքին քաղաքականությունն ինքնուրույն է և բխում է Հայաստանի ազգային ու պետական շահերից, որի տնտեսությունը կարող է դիմակայել ճնշումներին, որի պետական ինստիտուտները ծառայում են պետությանը և քաղաքացուն, որի իշխանությունը սեփական ժողովրդի առաջ պատասխանատու է իր յուրաքանչյուր որոշման համար, և որտեղ օրենքի գերակայությունն ու արդարադատությունը հավասար են բոլորի համար։
Անկախությունն ու ինքնիշխանությունը մեզ ոչ ոք չի նվիրելու։ Այն պետք է վերականգնել և ամրապնդել սեփական կամքով, գիտելիքով, աշխատանքով, ուժով և պատասխանատվությամբ։
Հետևաբար, սեպտեմբերի 21-ը ես ընկալում եմ ոչ միայն որպես անցած ճանապարհը հիշելու օր, այլև որպես պահանջ՝ ավարտին հասցնելու անկախության գործը։
Իրական անկախությունն այն է, երբ պետությունն ինքն է որոշում իր ճակատագիրը։
Անկախ և ինքնիշխան Հայաստան՝ իր տարածքով, իր անվտանգությամբ, իր որոշումներով, իր պատասխանատվությամբ և իր ապագան ինքնուրույն կերտելու իրավունքով։
Խաչիկ Ասրյան
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր Նախագահ,
«Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմնադիր Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հիմնադիր Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Պահեստազորի Գնդապետ,
2007–2018 թվականներին՝ ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարար աշխատած։