Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»
Press«Փաստ» օրաթերթը գրում է.
Լոռի, քաղաք Թումանյան, MIJ factory: Օրերս հենց այս վայրն էր միավորել մարդկանց, որոնք եկել էին մասնակցելու «Հետևելով ակուն քին» արտ-ն ա խագ ծ ի ն ՝ 1930–1970-ականների սև-սպիտակ սիրողական լուսանկարների ցուցադրությանը։ Լուսանկարների վրա գույնի և համադրությունների փոփոխություն էր կատարվել՝ դրանց ժամանակակից շունչ հաղորդելով։
«Մեր միտքն էր՝ ներկայացնել պատմության մասնիկներ։ Դրանք սիրողական ոճի լուսանկարներ էին՝ մեկ տան արխիվային նկարներ, որոնք վերցրել եմ, և սկսել ենք աշխատել դրանց վրա: Ցուցադրությանը ներկայացված է 50 լուսանկար։ Այսպիսի նախագիծ իրականացնելու գաղափարը ծագել է ճապոնական պոեզիայի հնարքից՝ հոնկադորիից, երբ նրանք վերցնում են իրենց՝ ավելի վաղ շրջանի պոետների տողերը և այլ ձևով են դրանք շարունակում։ Մենք էլ ցանկանում էինք, որ հինը չմոռացվի, և հին լուսանկարներին ժամանակի շունչ էինք ներարկում։ Կարևոր է, որ առավել վաղ շրջանի լուսանկարները նաև ընկալելի լինեն տարիներ անց։ Նկարների մշակման համար օգտագործել ենք և՛ արհեստական բանականություն, և՛ ֆոտոշոփ, ամեն նկարին նորարարության շտրիխ ենք հաղորդել, որ այն նոր շունչ ստանա։ Արտ-նախագծի կյանքի կոչմանը ներգրավված էին նկարչուհի Անի Մելիքսեթյանը, «May-Dec» փրոդաքշնի հիմնադիր Ռաֆայել Ղազարյանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «DEKA ART» պատկերասրահի հիմնադիր, ցուցադրության կազմակերպիչ Արամ Բեժանյանը։
Նրա խոսքով, սա իր ոճի մեջ առաջին նման նախագիծն էր։ «Ունեցել ենք ցուցահանդեսներ, պլեներներ, բայց որպես արտնախագիծ՝ սա առաջին փորձն էր։ Հայաստանի տարբեր անկյուններից հյուրեր ունեինք, նաև օտարերկրացիներ։ Հետաքրքիր է, որ ներկաների հիմնական մասի տարիքային շեմը չէր հատում 40 տարեկանը»։
Բեժանյանը կարևորում է մշակութային միջոցառումների կազմակերպումը Հայաստանի մարզերում։ «Փորձում ենք մշակութային միջոցառումներ կազմակերպել Լոռու մարզի տարբեր անկյուններում։ Ավելին, այս միջոցառումը կարող էի անցկացնել Վանաձորում, բայց որոշեցինք միջոցառման անցկացման վայր դարձնել Թումանյան քաղաքը։ Հաջորդը կլինի Վանաձորում։ Փորձում ենք կոտրել ստանդարտները և նորություններով հանդես գալ, հետաքրքրություն առաջացնել՝ այս կերպ ակտիվացնելով մարզի մշակութային կյանքը։ Գաղտնիք չէ, որ ավելի հաճախ ամեն ինչ՝ բոլոր մշակութային միջոցառումները, և ոչ միայն, կենտրոնացած են Երևանում։ Փորձում ենք երբեմն միջոցառումների անցկացման ուղղությունը «շեղել» դեպի Լոռի։ Ապագայում էլ է նախատեսվում Հայաստանի տարբեր քաղաքներից հետաքրքիր նախագծեր բերել Վանաձոր և Լոռու այլ անկյուններ»։
Մշակութային նախագծերի հանդեպ հանրության հետաքրքրությանն անդրադառնալիս մեր զրուցակիցն ընդգծում է՝ կարևոր է այն, որ դրանք հետաքրքրեն թեկուզ քիչ թվով մարդկանց։ «Մարդիկ առաջին հերթին արձագանքում են միջոցառումն ազդարարող գովազդին, բայց այլ բան են նրանց սպասումները և արդեն տեսածը։ Մեկին կարող է հետաքրքիր չլինել, մյուսն էլ իներտ լինի, սա ևս նորմալ է, բայց եթե թեկուզ մի քանի հոգի այս նախագծից իրենց հետ դրական ու նոր էմոցիաներ տանեն, ուրեմն այն հաջողված է»,-ասում է ցուցադրության կազմակերպիչը։
Ի դեպ, ներկաները ոչ միայն ցուցադրությունը վայելեցին, այլ նաև Ալեքս Հարությունյանի, VEIILA խմբի երաժշտական կատարումները։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում