ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներից մի քանիսը սնանկացման վտանգի տակ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Էմին Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ սնանկացման վտանգի առաջ կանգնած կազմակերպությունները վարկային միջոցներ են ներգրավել ու արդեն 2 ամիս է` այդ ընկերությունների բնականոն աշխատանքը խաթարված է։
Խաչատրյանը պնդեց՝ ընկերությունների կապարակնքման պատճառով ահռելի վնաս են կրում նաև պետությանը և աշխատողներ։ Պետության դեպքում՝ չեն վճարվում հարկեր, իսկ աշխատակիցները (մոտ 10 000 մարդու մասին է խոսքը) հարկադիր պարապուրդի են մատնված, աշխատավարձ չեն ստանում։
Այս համատեքստում նա հիշեցրեց, որ հարկային օրենսգրքով սահմանված է՝ ստուգումները չպետք է խոչընդոտեն տնտեսվարողի բնականոն գործունեությանը։
Խոսելով «Մուլտի գրուպ» կոնցեռնի կրած ֆինանսական կորուստների մասին՝ Խաչատրյանը պնդեց՝ դրանք արդեն ահռելի չափերի են հասնում, ու կորուստները դեռ շարունակվում են։ Այս բոլոր խնդիրները, ըստ փաստաբանի, առաջանում են ընկերությունների կապարակնքման հետևանքով։
Պատմեց՝ վերջերս 1-2 դեպք է գրանցվել, երբ կազմակերպություններում ջրի խողովակներ են վնասվել, ու ջուրը սկսել է լցվել գործարաններ։ Դրա պատճառով շենքային պայմաններն են վատթարանում, ներսում եղած գույքն է վնասվում, ապրանքային մնացորդներն են փչանում։ Վնասների չափերն այս պահին ուսումնասիրվում են։
Ի դեպ, փաստաբանը պնդեց՝ ՊԵԿ-ի գործողությունները ծայրաստիճան դանդաղ են իրականացվում, ու այստեղ նա միտում է նկատում։
Ի դեպ, փաստաբանը պնդեց՝ ՊԵԿ-ի գործողությունները ծայրաստիճան դանդաղ են իրականացվում, ու այստեղ նա միտում է նկատում։
Ըստ փաստաբանի՝ բոլոր ընկերություններում վարույթ իրականացնող մարմինը կամ ՊԵԿ աշխատակիցները կարող են շարունակել իրենց գործողություններն անել, դրան զուգահեռ էլ թույլ տալ, որպեսզի ընկերություններն աշխատեն։ Միևնույնն է` արդեն բոլոր համակարգիչները, գործի համար հետաքրքրություն ներկայացնող մնացած նյութերն առգրավված են։
Ինչ վերաբերում է հարկեր չվճարելուն, ապա փաստաբանն ընդգծեց՝ երբեք չեն բացառել, որ մասնավորապես խոշոր կազմակերպություններում կարող են խնդիրներ լինել։ Խաչատրյանի խոսքով՝ պատճառն էլ կարող է ուղղակի անփութությունն ու անուշադրությունը լինել, բայց ոչ դիտավորությունը։ Պնդեց՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի որևէ ընկերություն այդ հարկերը վճարելուց չի խուսափում։
Նշենք՝ այսօր մամուլը գրել էր, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը և այնտեղ աշխատող վարորդներն են այժմ թիրախավորված։ Կոտայքի մարզից դեպի Երևան երթուղով շարժվող տրանսպորտը պարեկները կանգնեցնում են ու 5000 դրամով տուգանում։ Պատճառաբանվում է, թե երթուղին ունի 16 տեղ, հետևաբար ուղևորներն էլ պետք է 16-ից ավելի չլինեն։ Վարորդներն էլ ստիպված նույնսիկ 1-2 մարդ ավել չեն վերցնում։
Ի դեպ, Ծառուկյանի դեմ սկսված քրեական հետապնդումից հետո «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվել է։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։