ԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին
Politics«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումն ստացել է Եվրոպական խորհրդարանի «Հայրենասերները Եվրոպայի համար» (Patriots for Europe) խմբակցության պատգամավոր Գերոլֆ Անեմանսի կողմից Եվրոպական հանձնաժողովին ուղղված առաջնահերթ գրավոր հարցմանը տրված պատասխանը:
• Եվրոպական հանձնաժողովի անունից հանձնակատար Մարտա Կոսի կողմից ներկայացված արձագանքը չի պարունակում հստակ պատասխան` հստակորեն բարձրացված հարցերին։
Հիշեցնենք` եվրապատգամավորը Եվրոպական հանձնաժողովին ուղղել էր երկու հիմնական հարց.
- Արդյո՞ք Ավետիք Չալաբյանի ձերբակալության հարցը քննարկվել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ 2026 թվականի հուլիսին Հայաստան կատարած այցի ընթացքում։
- Ինչպե՞ս է Եվրոպական հանձնաժողովը գնահատում Ավետիք Չալաբյանի գործը՝ Հայաստանի Հանրապետության կողմից ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության ոլորտներում ստանձնած պարտավորությունների համատեքստում։
Խուսափողական պատասխանում ներկայացվել են Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների, ժողովրդավարական բարեփոխումների, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների վերաբերյալ ընդհանրական բնույթի ձևակերպումներ։ Բացակայում է որևէ անդրադարձ Ավետիք Չալաբյանի գործին, նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման քաղաքական շարժառիթների վերաբերյալ բարձրացված մտահոգություններին, ինչպես նաև` վերջինիս նկատմամբ կիրառված կալանքի իրավաչափությանը։
Առանձնապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ Եվրոպական հանձնաժողովը չի պատասխանել, թե արդյոք Ավետիք Չալաբյանի ձերբակալության հարցը քննարկվել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Երևան կատարած այցի ընթացքում։ Մինչդեռ հենց այդ հարցն էր եվրապատգամավորի դիմումի առանցքային նպատակներից մեկը։
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կարծում է, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության վերաբերյալ հռչակված արժեքները չեն կարող կիրառվել ընտրովի կերպով։ Եվրոպական միությունը պարտավոր է իր իսկ հանրահռչակած չափանիշներով գնահատել նաև քաղաքական դրդապատճառներով հետապնդումների, արդար դատաքննության երաշխիքների խախտման կամ ընդդիմադիր գործիչների նկատմամբ անհամաչափ սահմանափակումների վերաբերյալ փաստահեն մտահոգությունները։
Երբ հասցեական հարցերին տրվում են ընդհանրական և վերացական պատասխաններ, սկզբունքային դիրքորոշումներն անխուսափելիորեն փոխարինվում են քաղաքական նպատակահարմարությամբ։ Նման մոտեցումը վարկաբեկում է ժողովրդավարական արժեքների պաշտպանության հեղինակությունը և խաթարում դրանց նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը։
Ավետիք Չալաբյանի գործը պահանջում է հստակ իրավաքաղաքական գնահատական։ Ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության պաշտպանությունը չափվում է այն պատրաստակամությամբ, որով վերոնշյալ սկզբունքները պաշտպանվում են նաև քաղաքականապես զգայուն և անհարմար դեպքերում։
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը շարունակելու է միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Հայաստանում քաղաքական հետապնդումների, իրավունքի գերակայության խնդիրների և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության հետ կապված մտահոգիչ զարգացումների վրա՝ ակնկալելով համարձակ, սկզբունքային և իրապես արժեքահեն արձագանքներ։