10 միլիոն դոլարով Կոմիտասի պողոտայում կկառուցվի վերնանցում, ամֆիթատրոն, շատրվան
Այսօր Կառավարությունը որոշել է հավանություն տալ 10 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրին և «Հայկ-88» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հողամասերի տրամադրմանը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ «Հայկ-88» ՍՊԸ-ն հանդիսանում է Կոմիտասի պողոտայի 49/9 հասցեում գտնվող 2774.1 քմ մակերեսով շինության սեփականատեր և դրա զբաղեցրած 2016.0 քմ մակերեսով հողամասի վարձակալ: Ընկերությունը նախատեսում է ապամոնտաժել սեփականության իրավունքով իրեն պատկանող շինությունը, լուծել հողամասի նկատմամբ իր վարձակալության իրավունքը և Կոմիտասի պողոտայի 49/9 և 49/10 հասցեներում գտնվող 2016.0 քմ և 10028.29 քմ մակերեսներով հողամասերը ձևակերպել կառուցապատման իրավունքով:
Ներդրումային ծրագրի համաձայն՝ նշված տարածքում նախատեսվում է պուրակի կազմակերպում և բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցում: Կկառուցվի Կոմիտասի պողոտան հատող վերնանցում, որն իրար կկապի Արաբկիր մանկական զբոսայգին և քննարկվող այգին: Նախատեսված ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից այգու բարեկարգման և վերակառուցման համար՝ մոտ 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Այն ուղղվելու է ամֆիթատրոնի, շատրվան-ջրավազանների կառուցմանը, կաթիլային ոռոգման ապահովմանը, լուսավորության և այլ աշխատանքների իրականացմանը: Նախարարի խոսքով՝ ներկայում այդ տարածքը գտնվում է անբարեկարգ վիճակում, և ներդրումների կարիք կա: Ակնկալվում է շուրջ 250 ժամանակավոր և 300 մշտական աշխատատեղի ստեղծում: