Ավետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-ից
PoliticsՍիրելի՛ բարեկամներ,
արդեն մեկ ամսից ավելի է, ինչ մեր երկրում իշխանությանը տիրացած թրքահաճո վարչախումբն ինձ ապօրինաբար զրկել է ազատությունից։
• Այս մեկ ամսվա ընթացքում նման կերպով ազատությունից զրկվել են Գագիկ Ծառուկյանը և Արեգնազ Մանուկյանը, քրեական գործ է հարուցվել Նարեկ Կարապետյանի դեմ, շարունակում են անազատության մեջ գտնվել Բագրատ Սրբազանը և նրա ընկերները, Անդրանիկ Թևանյանը, Արմեն Աշոտյանը և բազմաթիվ այլ հայորդիներ, որոնք համարձակություն են ունեցել պայքարելու այս վարչախմբի և նրա կողմից Հայաստանում իրականացվող թրքամետ օրակարգի դեմ։
Հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններում այս վարչախումբը պարտվել է, սակայն նրա տրամադրության տակ եղած վիթխարի վարչական ռեսուրսը, օտարների աջակցությունը, լկտի մանդատագողությունը և արհեստականորեն բարձր ընտրական շեմը թույլ են տվել նրան կառչած մնալու իշխանությունից։
Դրանով հանդերձ՝ մեր ակտիվ քաղաքացիների մեծ մասը՝ մոտ 750 հազար մարդ, այս կամ այն կերպով դեմ է քվեարկել այս վարչախմբին՝ ցույց տալով, որ այլևս չի ցանկանում հանդուրժել նրա իշխանությունը։
Վարչախումբը դրան պատասխանել է անթաքույց բռնությամբ՝ տառացիորեն իր բոլոր մրցակիցների նկատմամբ։ Ժողովրդավարական պետությունում բռնաճնշումների այսպիսի ալիք հնարավոր չէ պատկերացնել, նույնիսկ մեր երկրի պատմության մեջ սա աննախադեպ երևույթ է՝ երբևիցե «հաղթող» կողմը վրեժխնդրության այսպիսի ալիք չի բարձրացրել «պարտվողների» դեմ՝ թերևս իրականում ցույց տալով իր վախերը և մոտալուտ անկման անխուսափելիությունը։
Այսօր մենք զրկված ենք մեր ազատությունից, բայց իրականում բանտում է հայտնվել մեր ողջ երկիրը։ Ողջ երկրին փորձում են զրկել մտքի և գործի առաջնորդներից, ապագայի հեռանկարից, այդ ապագան սեփական կամքով ընտրելու ազատությունից։
Այսօր և՛ Հայաստանի, և՛ Բաքվի բանտերում ազատազրկվում է մեր ողջ ժողովուրդը, նրա անցյալը, ներկան, և փորձ է արվում ազատազրկելու նաև նրա ապագան։
Նման պայմաններում էր, որ Հեմինգուեյը մի անգամ ասել է՝ «Մի հարցրու, թե ում համար են ղողանջում զանգերը։ Նրանք ղողանջում են քեզ համար»։ Թող ձեզ չմոլորեցնեն վարչախմբի ստահոդ պատումները, քննչական կոմիտեի կեղծ հաղորդագրությունները՝ անհնար է, որ այսքան տարբեր մարդիկ, որոնք մինչև քաղաքականություն մուտք գործելն ապրում էին պարկեշտ կյանքով, միանգամից հետո հանցագործ դառնային։ Նրանք «հանցանք» են կատարել՝ հակադրվելով երկրում իշխող թրքահաճո վարչախմբին, «հանցանք» են կատարել՝ ձեզ ընտրության հնարավորություն տալով, ներկայացնելով ձեր ազատ կամքը։ Ուստի այսօր զանգերը ղողանջում են ձեզնից յուրաքանչյուրի համար, և պետք չէ սպասել այն օրվան, երբ քննչական կոմիտեն կգա անձամբ ձեր հետևից՝ ինչ-որ իմաստով այն արդեն եկել է։
Ուստի ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում, երբ ղողանջում էին Սուրբ Էջմիածնի զանգերը։ Քանզի թշնամին, պարտվելով Սարդարապատում, այսօր մեր երկիրը փորձում է գրավել ներսից՝ իր կամակատարների միջոցով։
Սակայն եթե այսօր ազատությունից զրկված յուրաքանչյուր հայորդու փոխարեն պայքարի դուրս գան հարյուրները և հազարները, նույն թշնամին նորից կընկրկի։ Ուստի այսօր այդ կռիվը ձեզնից յուրաքանչյուրինն է, և ձեզնից յուրաքանչյուրի ազատ կամքով է կերտվելու մեր հաղթանակը։ Աստված զորավիգ պայքարող և չհանձնվող հայ մարդուն։
Քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյան, 26․07․2026, «Արմավիր» ՔԿՀ
------------
ԾԱՆՈՒՑՈՒՄ. Ավետիք Չալաբյանի էջը վարում է Հանրային պաշտպանական խումբը