«Հրապարակ». Ինքը չի որոշել՝ համոզել են. ԱԺ կադրերի վարչության նոր պետը հոր ընկերոջ դուրստրն է
Politics«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 15-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրամանով Շուշանիկ Սուլիկոյի Շուշանյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման (կադրերի) վարչության պետի պաշտոնում: Շուշանյանը Շողակաթ (նախկինում՝ Շորժա) համայնքի ՀՀԿ-ական երկարամյա գյուղապետի դուստրն է։
Համայնքապետը Զարեհ Սարգսյանի՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ վարչապետի խորհրդական Նաիրի Սարգսյանի հոր ընկերն է։ Ճիշտ է, այս պաշտոնը համալրվում է մրցույթի միջոցով, բայց հայրը խոստովանեց, որ նրան առաջարկել են։
Շուշանյանը նախկինում զբաղեցրել է Սոցիալական ապահովության պետական ծառայության անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը, հայրն ասաց․ «Ընդեղ ա կռեր իրա աշխատանքային կենսագրությունը»։
Իսկ ծառայության պետը ժամանակին եղել է Զ․ Սարգսյանը։ Հարցին, թե աղջիկն ինչպես որոշեց թողնել այդ լավ պաշտոնը եւ տեղափոխվել ԱԺ, ասաց․ «Էդ արդեն ինքը չի որոշել, առաջարկություն ա եղել, ինքը սկզբից չէր համաձայնում, հետո երեւի համոզել են»։
Ո՞վ է առաջարկել՝ Սարգսյաննե՞րը։ «Բացարձակ՝ ոչ»։ «Դուք ո՞ր Սարգսյաններին նկատի ունեք»։ «Որին Դուք ունեք»։ Մտերի՞մ եք Սարգսյանների հետ։ «Իրանք (երկվորյակ եղբայրներին նկատի ունի) ինձ շատ մոտիկ մարդիկ են՝ ծնված օրվանից, համագյուղացիներ ենք, իրենք որ ծնվել են՝ 1992 թվականի օգոստոսի 8-ին, իրենց հայրիկն Արծվաշենի ճակատում շրջափակման մեջ էր, մենք կռվում էինք, հետո պայքարեց, պատվով դուրս եկավ, տեսավ զույգ տղա ա ունեցել։ Բայց էս գործը հաստատ իրանց հետ կապ չունի»։
Ի դեպ, ԱԺ կադրերի պետի պաշտոնը թափուր էր անցած տարվա ապրիլից, երբ ԱԺ ղեկավարությունը որոշեց ատեստավորում անցկացնել, այդ ժամանակ ինքնակամ հրաժարական տվեց այդ պաշտոնում մոտ 10 տարի աշխատած Հերմինե Ղազարյանը՝ «Տաշիրի» Կարեն Կարապետյանի կնոջ բարեկամուհին»: