Բաց նամակ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին
SocityԲաց նամակ ՀՀ Վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան- ին
Պրն. Փաշինյան, այնքան ուժգնությամբ պայքարեցիք ներքին թշնամիների դեմ, որ մոռացաք արտաքինին` թուրքին: Դիմում եմ Ձեզ, որպես մարդ, ով չլինելով գունավոր հեղափոխությունների կողմնակից՝ ապրլիլ 13-ին առաջին իսկ չվերթով Մոսկվայից եկավ Երեւան եւ օդանավակայանից գնաց Ֆրանսիայի հրապարակ: Կլինեմ անկեղծ ու կնշեմ, որ ոչ թե հատուկ Ձեր համար եկա, այլ, որ լինի արդարություն ու խաղաղություն Հայաստանում եւ բարելավվի ժողովրդի սոցիալական վիճակը: Նախորդ իշխանությունները այնքան էին կտրվել իրականությունից, որ Դուք առանց մեծ ջանքերի խոսքի ուժով կարողացաք իշխանության գալ եւ կարծեցիք, որ պատերազմում նույնպես կկարողանաք առանց լուրջ մենեջմենթի եւ մոտեցման հեշթեգներով եւ ֆեյսբուքյան լայվերի միջոցով հաղթել, կամ ուղղակի չունեիք հաղթելու նպատակ: Արդյունքում ունեցանք հազարավոր զոհեր, կորցրած հողեր, վարչապետ, որին թե՛ ադրբեջանական, թե՛ ռուսական եւ թե՛ հայկական լրատվամիջոցները փնովում են: Ես որպես քաղաքագետ՝ հասկանում են, թե ինչ պրոցես է տեղի ունեցել, կարող եմ նաեւ նշել, որ կողմ եմ եւ ջատագով Ռուսաստանի դերի բարձրացմանը Կովկասում եւ հետխորհրդային պետություններում:
Դեռ 2015-2018 թթ․ ուսումնական տարիների ատենախոսությանս մեջ գրել եմ, որ Հայաստանը պետք է դառնա ԵԱՏՄ-ի միջանցք դեպի Իրան եւ այսօր այդ երկաթգիծը 5 տարի անց իրականություն է դառնում: Բայց նամակս գրում եմ որպես հայ եւ համոզված եմ, որ կկարդաք, չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ եք կոտրում հայ ազգի նկատմամբ հարգանքը եւ պատկերացումը` դարձնելով մեր զինվորներին դասալիք, չտալով մնացած կամավորագրվածներին հնարավորություն պաշտպանելու հայրենիքը: Միջազգային հանրությունը միշտ ճանաչել է հային որպես մարտիկ, իսկ ադրբեջանցիներին` վաճառական: Հիմա մենք սփյուռքում, մեղմ ասած, մեր ափսեի մեջ չենք, մենք տեսել ենք տոնախմբող ադրբեջանցիներին եւ ամեն օր կարող ենք առընչվել իրենց հետ, եւ այդ հանդիպումների հետեւանքները ինքներդ լավ պատկերացնում եք: Մշտապես ծիծաղել ենք ադրբեջանցիների վրա, որ Ալիեւը իրենց ֆեյք նյուզերով է կերակրում իր բնակչությանը, Դուք մեր հետ վարվեցիք նույն կերպ, ինչպե՞ս կարելի էր 43 օր կտրել իրականությունից բոլորիս, Սփյուռքին կոչ անել գումարներ փոխանցել, տալ հույսեր եւ վերջում կոտրել դարավոր եկած պատմություն ունեցող ազգի ողնաշարը:
Ի՞նչ է նշանակում կռվողներ չկային, ինչպե՞ս կարելի էր բավարարվել ֆեյսբուքյան լայվի միջոցով կոչով: Ինչու՞ չեղավ զորակոչ, 90-ականներին տղամարդկանց դրսից բռնում տանում էին, այդ ժամանակ հաղթեցին, որովհետեւ ունեին նպատակ հաղթելու, իսկ դուք անգամ փորձ չարեցիք օգտագործել այն բոլոր հնարավորությունները, որոնք ունեցել եք: Համամիտ եմ նախկինները վատն էին, հիմա էլ մի բանի նման չեն, բայց Դուք ունեիք 2,5 տարի ժամանակ կառուցելու բանակը, բարձրացնելու ժողովրդի մեջ ռազմահայրենասիրությունը, պատշաճ պատրաստվելու պատերազմին: Պատերազմական երկրում հնարավոր չէր զինամթերքի պահեստը ավարտվեր 43-րդ օրը՝ այն դեպքում, որ մեծ աջակցություն է եղել ՌԴ-ից, մնացած այլ փակագծեր չբացեմ:
Դուք արդեն մտաք պատմության մեջ «Մոռանալ Հերոստրատին» սկզբունքով, բավարար է, մի հրահրեք քաղաքացիական պատերազմ Հայաստանում։
Հարգանքներով, քաղաքագետ Մարիամ Հովսեփյան