Մեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր Կամենդատյան
PoliticsՍիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր հայաստանյան քաղաքական դաշտը ողողված է մի շոուով, որն իրականում ոչ մի կապ չունի մեր պետության գոյության, մեր անվտանգության կամ մեր քաղաքացու իրական հոգսերի հետ։
Մենք տեսնում ենք, թե ինչպես են քաղաքական դեմքերն ու մեկնաբանները ժամերով, կրքոտ կերպով քննարկում ու վիճում մի թեմայի շուրջ՝ թե ով ում է դուրս թողնում Ազգային ժողովից, ով ում տեղն է զբաղեցնելու, կամ ով ում հետ ինչ է պայմանավորվել։ Կառավարող ուժն էլ առավոտից երեկո նույն երգն է երգում՝ թմբկահարելով «ունեզրկման», «բռնագանձման» ու «ներքին թշնամիների» թեմաները։
Բայց եկեք մեզ մի պարզ հարց տանք՝ Ի՞նչ է թաքնված այս ամենի հետևում։
Պատասխանը մեկն է. սա քաղաքական կուրություն և կազմակերպված ամնեզիա ներարկելու հստակ տեխնոլոգիա է։ Իշխանության ուզածը հենց դա է՝ որ մենք ուժասպառ լինենք այս տոկոսացավ իրարանցման մեջ, որ մարդիկ կուրանան ներքին թշնամանքից և մոռանա՛ն Արցախը։
Նրանք ուզում են, որ մենք մոռանանք, թե ինչպես Պրահայում, սեփական ձեռքով ստորագրվեց Արցախի ուրացման և հանձնման դատավճիռը։ Նրանք ուզում են, որ մենք մոռանանք մեր հազարավոր նահատակներին, մեր կորսված հայրենիքը և այն էկզիստենցիալ վտանգները, որոնք այսօր կախված են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզի՝ Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի ու Վայոց Ձորի գլխին։
Այն «երգը», որն այսօր հնչում է Ազգային ժողովի ամբիոններից, քպ սադրիչների շուրթերից նորից ու նորից ուրացումը կոծկելու մասին է։ Դա հանրային ուշադրությունը շեղելու պարզունակ, բայց վտանգավոր փորձ է։
Սիրելի՛ ժողովուրդ,
«Մենք չենք՛ մտնելու այս կեղծ, արհեստական օրակարգերի մեջ։ Մենք թույլ չենք տալու, որ պետության կորստի աղետը փոխարինվի կենցաղային-քաղաքական շոուներով։ Մեր հիշողությունը կարճ չէ, և մեր հայրենասիրությունը սակարկելի չէ։
Որպես հայաստանյան քաղաքական դաշտի ազդեցիկ և ինքնուրույն դերակատարի անդամ՝ իմ առաքելությունը իրական, ազգային օրակարգի վերականգնումն է։ Եվ այդ օրակարգը պետք է լինի ոչ թե անցյալի կռիվները տալը, այլ ապագայի հզոր Հայաստանը կառուցելը։
Մեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական.
1. Մենք պահելու ենք արդարության և պատասխանատվության հարցը։Ոչ մի ուրացում, ոչ մի դավաճանություն չի մոռացվելու, և դրանք ստանալու են իրենց իրավաքաղաքական գնահատականը։
2. Մենք տնտեսական ակտիվությունն ու հզորացումը տեղափոխելու ենք մարզեր։ Մեր պատասխանը սահմանների թուլացմանը լինելու է Գյումրիի, Իջևանի, Կապանի ու Վարդենիսի տնտեսական վերածնունդը, ռազմարդյունաբերության հիմնումը և երիտասարդությանը մարզեր վերադարձնելը։
3. Մենք վերջ ենք դնելու հանրության պառակտմանը։ Իշխանությունը սնվում է «սևերի ու սպիտակների» թշնամանքով։ Մենք բերում ենք համախմբում՝ ազգային արժանապատվության և սոցիալական արդարության շուրջ։
Մեզ չի՛ հաջողվի շեղել։ Մենք գիտենք մեր նպատակը, մենք ունենք պրոֆեսիոնալ ուժ և անկոտրում կամք։
Կեցցե՛ հայ ժողովուրդը, և փա՛ռք մեր միասնական, հզոր ու անպարտելի Հայրենիքին։
Հայրենադավ խունտան հեռանալու է։