«Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին
Politics«Ուժեղ Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներին և պնդելով, որ ամբողջ ընտրական գործընթացն անցել է իշխանությունների կողմից կազմակերպված լայնածավալ ճնշումների ու վարչական ներգործության պայմաններում։
Դաշինքի կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Մարիաննա Ղահրամանյանի խոսքով՝ նախընտրական շրջանը ուղեկցվել է քաղաքական մրցակցության վրա ազդելու նպատակ ունեցող գործողություններով։ Ըստ հայտարարության՝ ճնշումների թիրախում են եղել դաշինքի առաջնորդը, թեկնածուները, համակիրներն ու թիմակիցները, իսկ մի շարք դեպքերում կիրառվել են ձերբակալություններ և քրեական հետապնդումներ։
Դաշինքում պնդում են, որ քվեարկության օրը լայնորեն օգտագործվել է վարչական ռեսուրսը՝ պետական և համայնքային լծակների ներգրավմամբ, ինչն, ըստ նրանց, նպատակ է ունեցել ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Նշվում է նաև, որ հանրապետության տարբեր բնակավայրերից ամբողջ օրվա ընթացքում ստացվել են բազմաթիվ ահազանգեր ընտրախախտումների վերաբերյալ։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի գնահատմամբ՝ արձանագրված երևույթները չէին կարող ազդեցություն չունենալ ընտրական գործընթացի և դրա արդյունքների վրա։ Հայտարարության մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև այն հանգամանքին, որ, ըստ դաշինքի, մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից բոլոր ընտրատեղամասերի արդյունքների ամբողջական ամփոփումը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հաղթանակի և միանձնյա իշխանություն ձևավորելու մասին։
Դաշինքում համոզված են, որ ստեղծված պայմաններում հրապարակված թվերը չեն կարող առանց խորքային ուսումնասիրության և իրավաքաղաքական գնահատականի արտացոլել ընտրողների կամարտահայտության իրական պատկերը։
Մարիաննա Ղահրամանյանը հայտնել է, որ այս պահին «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը զբաղված է իրավիճակի մանրամասն վերլուծությամբ և ընտրողների կամարտահայտության իրական պատկերը ճշգրտելու աշխատանքներով։ Դրանց ավարտից հետո դաշինքը խոստանում է ներկայացնել իր պաշտոնական դիրքորոշումն ու հետագա քայլերը։