Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ
VideosՌուսթավի-Թբիլիսի ավտոճանապարհին դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուսի մասնակցությամբ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է «InfoRustavi» գործակալությունը։
Նախնական տվյալներով՝ «Mercedes» մակնիշի մեքենան մեծ արագությամբ բախվել է առջևից ընթացող երթուղային տաքսուն։ Հարվածի ուժգնությունից երթուղայինն առաջ է ընթացել և բախվել դպրոցականներին տեղափոխող միկրոավտոբուսին։
Միկրոավտոբուսում եղել է Գարդաբանի մունիցիպալիտետի Կեսալո գյուղի դպրոցի 17 աշակերտ։ Մի քանի երեխա թեթև վնասվածքներ է ստացել։ Նրանց տեղափոխել են հիվանդանոցներ՝ հետազոտման և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։
Վթարի հետևանքով զոհվել է միկրոավտոբուսներից մեկի վարորդը։ Դեպքի մյուս հանգամանքները պարզվում են։
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հոդվածով։