Հնդկաստանի ԿԲ-ն 12 մլրդ դոլարի ոսկի է վաճառել՝ արժութային պահուստներն ամրապնդելու համար․ Bloomberg
InternationalՀնդկաստանի պահուստային բանկը (RBI) մայիսին՝ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում, սեփական պահուստներից շուրջ 12 միլիարդ դոլարի ոսկի է վաճառել։ Նպատակը Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակի ֆոնին արտարժութային ակտիվների ծավալներն ավելացնելն է։ Այս մասին, հղում անելով փորձագետներին, հայտնում է «Bloomberg» գործակալությունը։
Աղբյուրների գնահատմամբ՝ այս գործարքների շնորհիվ Հնդկաստանի Կենտրոնական բանկին հաջողվել է ձեռք բերել շուրջ 7,5 միլիարդ դոլարի իրացվելի արտարժույթ։ Դա օգնել է կայունացնել հնդկական ռուփիի փոխարժեքը՝ օտարերկրյա կապիտալի արտահոսքի և էներգակիրների ներկրման ծախսերի աճի պայմաններում։
Գործակալությունը նշում է, որ պահուստների վրա ճնշումն ուժեղացել է աշխարհում նավթի գների աճի պատճառով, ինչն իր հերթին աշխարհաքաղաքական լարվածության հետևանք է։
«Bloomberg»-ը նաև հավելում է, որ առաջիկայում հնդկական կարգավորողը կարող է շարունակել արտարժութային պահուստների համալրումը․ եթե դոլարը թուլանա՝ ներդրումների հոսքը վերականգնվի, իսկ նավթի գները նվազեն։
Հնդկաստանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ մարտի վերջի դրությամբ երկրի ոսկու պաշարները գերազանցել են 880 տոննան, ընդ որում՝ դրա մոտ 77%-ը պահվել է հենց երկրի ներսում, իսկ արտասահմանյան ակտիվների հիմնական մասը տեղաբաշխված է եղել Անգլիայի բանկում և Միջազգային հաշվարկների բանկում։