«Հակասաֆարովյան օրենք ենք ընդունելու». Կարապետյանը 300,000 ադրբեջանցիների բնակեցման սպառնալիքի մասին
VideosԽաղաղություն է լինելու, մենք տեսնում ենք խաղաղությունը, բայց կա երկու ձևի խաղաղություն՝ թույլ խաղաղություն, որը իրենք են բերում և կա ամուր խաղաղություն, որը Հայաստանը, Հայաստանի ազգային հիմնարար իրավունքները պաշտպանելու է։ Այս մասին այսօր՝ մայիսի 30–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ, «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
«Թույլ խաղաղությունը թուրքերի և ադրբեջանցիների ազդեցության տակ ընկած իշխանության թույլտվությունն է՝ Հայաստան տեղափոխել օտարածին տարրերի։ Խաղաղությունը լինելու է, ուղղակի ամուր խաղաղության դեպքում Հայաստանում՝ մեր հայրենիքի վերջին հատվածում հայեր են ապրելու, իսկ թույլ խաղաղության դեպքում իրենք ճնշելու են իրենց գործիքակազմով, ինչպես ճնշել են մեր երկրի տարածքով ճանապարհ տալու հարցում։ Իհարկե, դա մեր երկրի սուվերեն տարածքն է, բայց բայց ճանապարհ ենք տվել այդտեղ, իրավունքներ ենք տվել այդ ճանապարհով անցնելու։ Սա այն դեպքում, երբ նախկինում բազմիցս ասվել է, որ նման բան չի լինելու։
Եթե չկա նման բան, ինչու են ընտրություններից 11 օր հետո Օրդուբադում են մեծ ֆորում անում, ինչու է նախագահի օգնականը, ով բանակցող կողմ է Հայաստանի հետ, խոսում 300 000 ադրբեջանցիների մասին, և ինչու Հ1–ը դրա մասին չի ասում մարդկանց»,– ընդգծեց Նարեկ Կարապետյանը։
Հարցին՝ ինչպե՞ս են իրենք կանգնեցնելու ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում, նա պատասխանեց. «Ընդունվելու է օրենք, որը գործելու է տասնամյակներ, հակասաֆարովյան օրենք։ Այսօր կա կայք, որով Ադրբեջանի քաղաքացին կարող է Հայաստանում մասնակցել աճուրդի գնում անի։ Իհարկե այս պահին չէ, խաղաղության պայմանագրից հետո։
Իսկ մեր առաջարկած օրենքով Ադրբեջանի քաղաքացին իրավունք չի ունենալու հող գնել։ Այսօր էլ օտարերկրյա քաղաքացիները հող կարող են գնել միայն ընկերության միջոցով, բացում են ընկերություն 20000 դրամով, գնում են հող։ Իրավունք չի ունենալու ընկերությունների միջոցով էլ հող գնել, բնակարան գնել և անգամ նվեր ստանալ Հայաստանում գույք։ Երկրորդ Հայաստանում 10 օրից ավել գտնվելու իրավունք չի ունենալու, 10 օր թող գան, գնան, ոչ ավել»։