Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը
PoliticsՆիկոլ Փաշինյանը երեկ Գյումրիում հայտարարել է, թե պետք է Գյումրիում անցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ։ «Շատերը խոսում են, թե այս ընտրությունների արդյունքում ՀՀ-ում լինելու է «Գյումրի 2», ես ամիսներ առաջ եմ ասել, որ չի լինելու «Գյումրի 2», լինելու է հեղափոխություն-2 և «Գյումրի 1»։ Ինչ ա նշանակում «Գյումրի 1»՝ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններից հետո, ի վերջո, ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը պետք է հասնի մեր թիկունքում գտնվող շենքը։ Եվ մենք Գյումրիում գյումրեցիների հետ պետք է իրականացնենք Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ և ժողովրդական իշխանություն հաստատենք Գյումրիում», - ասել է Փաշինյանը։
Անցած տարի իշխանությունը Գյումրիում նախաձեռնեց արտահերթ ընտրություններ, որի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» կորցրեց իշխանությունը Հանրապետության երկրորդ քաղաքում։ Ընդդիմությունը միավորվեց և քաղաքապետ ընտրեց ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին։
Վարդան Ղուկասյանը ներկայումս կալանավորված է։ Իշխանությունը ամեն ինչ անում է ընդդիմադիր համայնքապետի և ընդդիմադիր իշխանությունների կյանքը բարդացնելու ուղղությամբ։ Գյումրիում կրած պարտությունը քարոզչական և հոգեբանական ծանր հետևանքներ է ունեցել փաշինյանական իշխանության համար։ Ի վերջո, նույնիսկ համապետական մակարդակով ընդդիմադիր ուժերն ու քաղաքական վերլուծաբանները խոսում են «Գյումրի-2» կազմակերպելու հնարավորության մասին, իսկ դա արդեն ինքնին բավականին լուրջ հարված է Փաշինյանի դիրքերին, ուստի, բնավ զարմանալի չէ, որ նույնիսկ ընդդիմադիր համայնքապետի կալանավորված լինելու պարագայում Փաշինյանն իր ողջ թիմով հենց Գյումրիում հարձակում է Վարդան Ղուկասյանի դեմ։
Վերջինս, իհարկե, բոլորովին էլ հրեշտակ չէ, բայց և եզակիներից է, որ կարողացավ լրջագույն պարտության մատնել գործող իշխանություններին։ Ուստի, Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են խորհրդարանական ընտրություններին հաղթելու դեպքում նոր ընտրություններ կազմակերպելու Գյումրիում։ Եվ խոսքը միայն Գյումրին չէ, այլ համայնքներում ևս, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր են գործում․ կամ վերջիններս կանցնեն Փաշինյանի թրի տակով, կամ էլ նոր ընտրություններ կլինեն։
Մոնիկա Կիրակոսյան