Փաշինյանի թիրախում «Բարգավաճ Հայաստանն» է
PoliticsԻնչպես և կանխատեսելի էր, Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են բռնաճնշումներն ընդդիմության դեմ։ Վաղ առավոտից արդեն հարձակման են անցել, այս անգամ էլ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ։ Առավոտյան ժամը 7-ին ԱԱԾ դիմակավորված անձինք քննիչների հետ մուտք են գործել Մաշտոցի պողոտայում գտնվող գրասենյակ, որտեղ եղել է Անդրանիկ Թևանյանը։
Բոլորին դուրս են հրավիրել, Թևանյանին պահել ներսում և քննչական գործողություն են իրականացնում։ Հիշեցնենք, երեկ Փաշինյանի հրահանգից հետո Անդրանիկ Թևանյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական վարույթ են հարուցել, իսկ Թևանյանն այսօր պետք է մամուլի ասուլիս տար, ներկայացներ իր փաստարկները և իշխանությունների կատարած ապօրինությունները։ Բայց և ակնհայտ էր, որ գործող իշխանությունն ամեն ինչ անելու է այդ ասուլիսը խափանելու համար։ Չի բացառվում, որ Թևանյանին ձերբակալեն և դիմեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով կալանքի թույլտվություն տալու համար։ Ժամը 7։30-ի սահմաններում էլ դիմակավորված անձինք Գյումրիում ներխուժել են պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տուն։
Վերջինս ևս խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Բարգավաճ Հայաստանի» ցուցակով։ Իսկ նախօրեին Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակներում բավական հաջողված հանդիպումներ է ունեցել Շիրակի մարզում։ Ինքը՝ Գրիգորյանը լրջորեն նպաստեց, որ Գյումրիում իշխանությունը պարտվի, ուստի բնական է, որ առաջին հերթին փաշինյանական վարչախմբի թիրախում լինելու են այն մարդիկ, ովքեր կարող են ձայներ բերել ընդդիմությանը, և տարատեսակ անհեթեթ հոդվածներով, ներխուժումներով, բռնաճնշումներով փորձում են ամեն կերպ խափանել ընդդիմության մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին։
Ըստ էության, գործող վարչախումբն ինքն էլ ցայտնոտի մեջ ջղաձգումներ է անում։ Սա վկայում է մեկ բանի մասին, իրենք էլ հասկանում են, որ կորցնում են իշխանությունը, իսկ հողը փախչում է իրենց ոտքերի տակից։
Անի Սարգսյան